ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակվերում քննություն է տարվում՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
«Հավելենք, որ 2022թ. մայիսի 5-ին՝ համացանցում տարածվել էր հրապարակում և տեսագրություն, որում երկու անձիք հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են կազմակերպված հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու հարցը:
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է նշված անձանց ինքնությունը, ովքեր Արմավիրի մարզի՝ 1966 և 1967թթ. ծնված բնակիչներ են:
Տվյալներ են ստացվել այն մասին, որ քաղաքական ընդդիմության նախաձեռնությունների կազմակերպիչները, Երևանում իրականացվող հավաքներին մասնակցելու նպատակով, Արմավիրի մարզի հիշյալ բնակիչներից մեկին նյութապես շահագրգռել են, վերջինս էլ իր հերթին՝ նյութապես շահագրգռել է այլ անձանց:
Արմավիրի մարզի հիշյալ երկու բնակիչները ձերբակալվել են:
Կատարվել է վերոհիշյալ տեսագրության զննություն, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ»,-ասված է հաղորդարության մեջ: