00:00:00

Ամուսինս ասեղ չէր, որ ճանապարհից անհետանար, նա կամ գերի է ընկել, կամ՝ սպանվել. պայմանագրային զինծառայողի կին

23:55, 26 հունվար 2022 Հասարակություն

Երկու ամսից ավելի անհետ կորած պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի մասին կինը՝ Լիանա Մելիքսեթյանը մինչեւ այսօր տեղեկություն չունի։ NEWS.am–ի հետ զրույցում Լիանան պատմեց, որ 33–ամյա ամուսինը, որը վերջին հերթափոխն էր իրականացնում, քանի որ ավարտվում էր պայմանագրի ժամկետը, անհետ կորել է 2021թ.–ի նոյեմբերի 12–ին։ «Ամուսինս եւ իր հետ ծառայող ընկերը 44–օրյա պատերազմի մասնակից էին, ընկերը, որը պատերազմի հետեւանքով ոտքի վնասվածք ուներ,  այդ օրը Վահեին խնդրել էր վերեւի դիրքից իր իրերը իջեցնել։ Վահեն չի մերժել եւ գնացել է ընկերոջ իրերը բերելու։ Այդ ընթացքում ամուսինս ինձ հետ հեռախոսով զրուցում էր, ես դրա շնորհիվ է, որ որոշ չափով գիտեմ՝ ինչ է կատարվել։ Այդ ընթացքում ոչ մի արտառոց բան չեմ նկատել։ Վահեն ուզեց տղայիս հետ խոսել, բայց երախան դրսում  խաղում էր։  Ես անջատեցի հեռախոսը, երկու րոպե անց երբ  հետ զանգեցի, որ տղայիս հետ խոսի, ամուսնուս հեռախոսն արդեն անհասանելի էր»,– պատմեց Լիանան եւ շարունակեց. «Ամուսինս ասեղ չէր, որ ճանապարհից անհետանար, իմ կարծիքով, նա կա՛մ գերի է ընկել, որովհետեւ իրենք ադրբեջանական դիրքերին մոտիկ էին, կա՛մ էլ ամուսնուս սպանել են, թե ովքեր՝ չգիտեմ։ Ամուսնուս հետ եղած երկու շները հետ են գնացել դիրքեր, իսկ ամուսինս՝ ոչ։ Նրա հեռախոսն ու ձեռքին եղած իրերը նույնպես չկան»։ Պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի անհետանալու մասին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն չի տարածել։ Մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 19–ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Պաշտպանության նախարարից հետաքրքրվել էր պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի՝ մարտական հենակետից  անհետանալու մասին եւ հարցրել, թե ինչո՞ւ ՊՆ–ն հաղորդագրություն չի տարածել այդ մասին եւ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել զինծառայողին հայտնաբերելու ուղղությմաբ։ Նախարար Սուրեն Պապիկյանը չէր ցանկացել ԱԺ ամբիոնից այդ մասին խոսել եւ ուղղորդել էր դիմել Քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից NEWS.am-ին փոխանցեցին, որ «Վայքի ռազմական ոստիկանությունում 2021թ.–ի նոյեմբերի 22–ին դեպքի փաստով հարուցվել  է քրեական գործ Քրեական օրենսգրքի 361–րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը)։  Գործը գտնվում է նախաքննության փուլում, հետեւաբար Վահե Մանուկյանի անհետացման վերաբերյալ ձեռքբերված տվյալները հրապարակման ենթակա չեն»։ Ամուսնու անհետանալու մասին Լիանան իմացել է Ռազմական ոստիկանությունից, երբ նրանք նույն օրը՝ նոյեմբերի 12–ին, այցելել են Վահեի ընտանիքին եւ հայտնել նրա անհետանալու մասին։ Սկզբում Լիանան նամակ է ուղարկել  վարչապետի աշխատակազմ՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ըստ  նրա՝ այդ նամակը ուղարկվել է Պաշտպանության նախարարություն, որտեղից էլ կապ են հաստատել Լիանայի հետ, եւ տեղեկացրել, որ Վահեն ինքնակամ է լքել դիրքը եւ այդ դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել։ Լիանան ամուսնու եւ երեք մանկահասակ տղաների հետ մինչ այդ ապրում էր Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքում, իսկ Վահեի անհետանալուց հետո տեղափոխվել է Եղեգնաձոր։ Լիանան սպասում է իր չորրորդ զավակին, նա վարձով է բնակվում եւ չի աշխատում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր