00:00:00

Եթե մի տեղ ունեմ գնալու, դա Արցախն է, դատվելուց էլ չեմ վախենում. Աշոտ Մինասյանը՝ դատարանում

22:41, 26 հունվար 2022 Հասարակություն

Երբ կարդում էի, թե ինչ հոդվածներ են ինձ վրա դրված, ծիծաղս գալիս էր՝ անկեղծորեն ասած։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ «Աշոտ Երկաթը»։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, այսօր կայացել է առաջին դատական նիստը։ Դատաքննության նախապատրաստման փուլում դատարանը քննել է Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու, վերացնելու կամ այլ՝ անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով փոխարինելու մասին միջնորդությունը։ Դատական նիստին հրամանատարը հայտարարեց, որ ամենածիծաղելին, երբ ընթերցում էր գործը բարձրաձայն, ընկերներս լսում էին, հետաքրքիր բաներ հանդիպեց, որոնք իր համար անակնկալ էին։ Նախ՝ զենքի տեսակները, որոնք կային և զենքերի տարեթվերը։ «Ես չեմ կարողանում հասկանալ՝ իմ կալիբրի մարդը՝ երեք պատերազմներով անցած, 20 տարի մաքսային ծառայության ղեկավար աշխատած, հրամանատար, խելքը չէ՞ր կտրում ունենալ Կորնետ, Ֆագոտ, ես պիտի այդ հին զենքերը հավաքեի՞»,- նշեց Մինասյանը՝ հավելելով. «Սա պրիմիտիվ հարց է, մի՞ թե իմ կալիբրը դա է: Ես մարդ եմ, ով կապեր ունի տարբեր տեղերում, բա՞ նման մարդը տանում զենքերը լցնում է մի տեղ, հետո մտածում է այդ անտեր վիճակի մասին, ես չէի՞ կարող մի բիզնեսմենի, պատգամավորի կամ դատավորի խնդրեի՝ այդ զենքերը պահեին: Ես դատվելուց չեմ վախենում, չի մտահոգում, ինձ համար միշտ թանկ է եղել իմ հայրենիքի ճակատագիրը»։ Մինասյանը հայտարարեց, որ մեկ տարվա մեջ չորս անգամ այցելել է Արցախ, ամեն անգամ զանգել է ԱԱԾ քննիչին՝ տեղեկացնելով, որ պետք է Արցախ գնա. «Եթե մի տեղ ունեմ գնալու, դա Արցախն է։ Դատվելուց էլ չեմ վախենում»։ Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանն ի սկզբանե մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ գործով, որը հարուցումից ավելի քան մեկ տարի անց կարճվել է։ Քրեական գործը հարուցվել էր Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն ակտից հետո, երբ պարբերաբար զանգվածային ընդվզումներ էին տեղի ունենում՝ ընդդեմ իշխանության գործողությունների, որոնք ճնշելու համար տեղի ունեցան մի շարք աղմկահարույց ձերբակալություններ։ Այդ օրերին ԱԱԾ-ն հայտարարեց, թե, իբր, Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստություն է տեղի ունեցել ու 2020թ նոյեմբերի 15-ին, ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր գործիչ Արթուր Վանեցյանին, ՀՀԿ-ական գործիչ Վահրամ Բաղդասարյանին, Սիսական ջոկատիր լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին՝ «Աշոտ Երկաթի», դաշնակցական Աշոտ Ավագյանին։ Դատարանների որոշմամբ՝ վերջիններիս ձերբակալությունը ճանաչվել էր ոչ իրավաչափ, իսկ կալանավորման միջնորդությունները մերժվել՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։ Ավելի քան մեկ արի անց հաստատվեց, որ քրեական գործի հարուցումը եղել է մտացածին եւ Վահրամ Բաղդասարյանի, Արթուր Վանեցյանի, Աշոտ Մինասյանի և Աշոտ Ավագյանի նկատմամբ ՝ Փաշինյանի սպանության նախապատրաստման և իշխանության յուրացման հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այլ խոսքով՝ վերջիններս այժմ ունեն արդարացվածի կարգավիճակ։ Ինչ վերաբերում է զենք-զինամթերքի դրվագին, ապա այժմ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ հենց նշված դրվագով է նախաքննության ավարտ հայտարարվել, սակայն լեգենդար հրամանատարը շարունակում է կալանքի տակ մնալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր