Վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողն այսօր հիշեցրեց, որ Հայաստանում թանկացումներ են, գնաճ, 2018-ին տրված խոստումները չեն իրականացվել:
«Այս ամենը հաշվի առնելով` ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կհարցներ` այսքան ձախողումներից հետո չե՞ք պատրաստվում հրաժարական տալ», - հետաքրքրվել էր լրագրողը:
Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց` ինքը հրաժարական տվել է:
«Ես վարչապետի պաշտոնից երկու անգամ եմ հրաժարական տվել, մեկը` 2018 թվականին, մյուսը` 2021 թվականի ապրիլին», - ասաց ՀՀ վարչապետը:
Նա հիշեցրեց, թե 2019 թվականին Հայաստանը Եվրոպական տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած երկիրն էր:
«2020 թվականին եղել է կորոնավիրուսի համավարակ, պատերազմ: Խոսք է գնում գնաճի մասին, այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում է գնաճ, գնաճն այսօր գլոբալ պրոբլեմ է», - ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է ջրի գնին` Փաշինյանն ասաց, թե սոցիալապես անապահով խավի համար ջրի գինը չի փոխվել: