Սողոմոն Թեհլերյանի արձանի ապամոնտաժումն անընդունելի է։ «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը։
«Ես, իհարկե, չգիտեմ այս լուրի հավաստիությունը, բայց շահարկվում է նաև Մարալիկում Սողոմոն Թեհլերյանի արձանը հանելու հարցը։ Պաշտոնապես հայտարարում եմ, եթե որևէ մեկը մոտեցավ այդ սուրբ արձանին՝ քանդելու նպատակով, ապա ինքս գնդակահարելու եմ»,- շեշտել է գործիչը՝ անդրադառնալով մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ավելացնելով, որ Ստամբուլում այսօր Թալեաթի և Էնվերի անուններով փողոցներ և պուրակներ են կառուցում։
Բանախոսն անդրադարձել է նաեւ հարցի տնտեսական կողմին. «Դուք պատկերացնու՞մ եք մեր տնտեսությունը, հայկական կապիտալը ինչ արժեք ունի թուրքական կապիտալի դեմ։ Թուրքերը կգան, կասեն՝. «ՀՀ-ն փաթաթեք տոպրակի մեջ, առնում ենք», ու կանեն դա, ինչպես Աջարիան առան»։
Ըստ նրա՝ ՀՀ-ն Թուրքիայի հետ այսօր գնում է քաղաքական մուրացկանության, իսկ Թուրքիան ասում է՝ ինչ արել եմ՝ լավ եմ արել, թքած ունենամ նման կարգավորման և հարևանության վրա։
Բանախոսն անդրադարձել է նաև այս թեմային առնչվող մի շարք այլ ասպեկտների, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական դաշտում տիրող իրավիճակին։