00:00:00

Գերությունից հայրենադարձված Արեն Արամյանի խափանման միջոցի հարցը չի քննվել,նրա առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթեր կներկայացվեն դատարան

23:37, 21 հունվար 2022 Հասարակություն

Նոյեմբերի 26-ին գերությունից հայրենադարձված, ապա՝ կալանավորված ենթասպա Արեն Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդության քննությունն այսօր հետաձգվել է։
Հիշեցնենք, որ գերեվարվելուց հետո Արամյանին Գանձակից Բաքվի հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով՝ վիրահատության, քանի որ վիճակը ծանր է եղել, իսկ նոյեմբերի 26-ին հայրենադարձվելուց հետո Ամարյանը տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց, որտեղ 10 օր բուժօգնություն է ստացել, ապա՝ կալանավորվել ՀՀ իրավապահների կողմից։ Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Արամյանը հարցաքննվել է՝ որպես տուժող։ Դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա՝ վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է։ Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից մերժվել է։ Տարեմուտին վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին, ինչը ևս բավարարվել է՝ դեկտեմբերի 30-ին։ Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին և, նկատի ունենալով Արամյանի ընտանիքի սոցիալական պայմանները, որպես գրավի չափ է առաջարկվել 500.000 ՀՀ դրամը։ Պաշտպանության կողմը միջնորդության հիմքում դրել է նախաքննության ավարտի և Արամյանի՝ վատթարացած առողջական վիճակի հանգամանքը։ Մասնավորապես, նախաքննության ավարտով պայմանավորված էականորեն նվազել է գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, իսկ ինչ վերաբերում է Արամյանի առողջական վիճակին, ապա պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու դեպքում Արամյանի ոտքը կարող են ամպուտացնել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամ, այսօր պետք է կայանար Արամյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը, ինչը, սակայն այն հետաձգվել է՝ առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Փաստաբան Արա Կարապետյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Արամյանը վերջին երեք օրվա ընթացքում հետազոտություններ է անցել, սակայն ախտորոշումը ներկայացվել է՝ ըստ բժիշկների հայտարարությունների։ Դատարանը հետաձգել է դատական նիստը, որ պաշտպանը կարողանա արդեն փաստաթղթավորված տարբերակով ներկայացնել Արամյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները։
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ Արեն Արամյանը դատական նիստին ներկա չէր, քանի որ ի վիճակի չէ, նրան հակացուցված է տեղաշարժվելը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր