Հայաստանում ամենակարևոր խնդիրներից մեկը հասարակության պառակտումն է: Հասարակությանը պառակտելու, մասերի բաժանելու գործունեության մեջ շատ մեծ դերակատարություն ունի այսօրվա քաղաքական իշխանությունը: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ արձանագրելով, որ միասնականության գաղափարը, որը պատմության ողջ ընթացքում ուղեկցել է հայ ժողովրդին, վերջին տարիների ընթացքում քայքայվել է.
«Այսօրվա իրավիճակը պառակտման տեսանկյունից կարող եմ բնութագրել երեք բառով՝ հատվածականացում, մասնատում և որակազրկում այն կարևոր արժեքների, որոնք ձեռք ենք բերել վերջին 30 տարիների ընթացքում»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Ինչ վերաբերվում է լրատվական դաշտի մասին՝ ըստ Օհանյանի, բոլորի ցանկությունն է, որ ունենան ծրագրավորված գործունեություն առկա բոլոր թերությունները վերացնելու համար, որոնք կան լրատվական դաշտում.
«Ես ծառայել եմ Հայաստանին և Արցախին, չեմ ծառայել անձերի, միևնույն ժամանակ ես հպարտ եմ, որ այս 30 տարիների ընթացքում եղել են ՀՀ երեք նախագահներ, որոնց հետ մշտապես անմիջական կապի մեջ եմ եղել: Ճիշտ է՝ երբեմն եղել են տարաձայնություններ, բայց, ելնելով իմ պաշտոնից, ես դա հրապարակային չեմ ասել: Հրապարակային ասել եմ միայն այն ժամանակ, երբ սկսել եմ քաղաքական գործունեություն ծավալել»,-ասաց Սեյրան Օհանյանը: