00:00:00

Որտեղի՞ց է Նիկոլ Փաշինյանը նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունների տիրապետում. Ալումյան

01:13, 19 հունվար 2022 Հասարակություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով նախնական դատական նիստը։ Հիշեցնենք, որ 2020թ ապրիլին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով՝ 2 մլն դրամի չափով։ Հայցադիմումի հիմք էր հանդիսացել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն առ այն, որ 4 մլրդ դոլարով պետք է ավելանա պաշտպանության բյուջեն, որից 1,2 մլրդը պետք է վերադարձվի թալանված գումարը և այդ հայտարարության ժամանակ հնչել է Ռոբերտ Քոչարյանի անունը: Հայցվոր կողմը գտնում է, որ այդ հայտարարությամբ խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գործի քննության նախնական փուլն այսօր ավարտվել է, հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է ապրիլի 14-ին, կկայանա բուն դատաքննությունը։ Այսօր կայացած դատական նիստին քննարկվում էր ապացույցների թույլատրելիության հարցը, մասնավորապես, կողմերը դատարանին են ներկայացրել համապատասխան ապացույցներ՝ փատաթղթեր, կրիչներ, որոնց մի մասը ըստ հայցվորի ներկայացուցչի չեն կարող թույլատրելի համարվել։ Բացի այդ՝ դատական նիստին բարձրացվեց հարցն առ այն, որ Փաշինյանի ներկայացուցիչը նախաքննական գաղտնիք պարունակող տվյալներ է ներկայացրել։ Դատական նիստի ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա երրորդ դեպքն է, երբ ինքը համոզվում է, որ Նիկոլ Փաշինյանը զրպարտում է իր վստահորդին։ «Ընդհանրապես ինքը ուրիշներին զրպարտելու առումով ինչ աստիճանով է ակտիվ կամ՝ ոչ, ես ասել չեմ կարող, բայց երեք անգամ առնվազն իմ վստահորդին շատ կոպիտ ձևով զրպարտել է և մենք որոշել ենք, որ պետք է դիմենք դատական պաշտպանությանը։ Առաջին անգամը շանս տվեցինք Փաշինյանին, քանի որ իր ներկայացուցչի միջոցով դատարանում հայտարարեց, որ ինքը պարոն Քոչարյանին նկատի չի ունեցել, մենք որոշեցինք, որ սա քանի որ առաջին անգամն է, կարող է դաս քաղել, որոշեցինք գործը չշարունակել՝ հույս ունենալով, որ այսուհետ նման տհաճ միջադեպեր չեն լինի, բայց փորձը ցույց տվեց, որ՝ ոչ, ևս երկու անգամ պարոն Փաշինյանը թույլ տվեց արտահայտություններ, որոնք, ըստ իս, զրպարտչական են։ Մի դեպքում նաև խախտվում է անմեղության կանխավարկածը»,- ասաց Ալումյանը։ Ինչ վերաբերում է նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններին. Ալումյանը նշեց, որ չպարզաբանված հարցեր մնացին։ Օրինակ այն, թե Փաշինյանը որտեղի՞ց է նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունների տիրապետում։ «Օրենքի մեջ չկա նման դրույթ, որ քննիչը նախաքննական գաղտնիք վարչապետին կարող է տրամադրել, իսկ այլոց՝ ոչ։ Եթե վարչապետը պաշտոնական դիրքը չարաշահելով ստիպել է քննիչին տվյալները տրամադրել, դա շատ բացասական հետևանքներ կարող է ունենալ և′ քննիչի, և′ իր համար»,- ասաց Ալումյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր