00:00:00

44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է արցախցի 11 ոստիկան. 3 տասնյակ վիրավոր է եղել. նախարար

15:33, 30 նոյեմբեր 2021 Հասարակություն

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ: «Ոստիկանությունն այն կառույցն է, որն իր գործունեությամբ, որպես կանոն, կարգավորում է երկրի իրավական դաշտը, անվերապահորեն պաշտպանում մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Որպես իրավապահ ինստիտուտ՝ ոստիկանությունը երկրի կայունության պահպանման երաշխավորն ու հիմնասյունն է: ՆԳ նախարարությունը՝ ենթակա բոլոր ստորաբաժանումներով, օր ու գիշեր ծառայում է մեկ հիմնական նպատակի ու սկզբունքի համար՝ ապահովել երկրի ներքին անվտանգությունը:
Ներքին գործերի համակարգի ծառայողները պատվով անցան նաև 44-օրյա պատերազմական փորձությունները: Պատերազմը մեզնից խլեց մեր լավագույն տղաներին՝ թողնելով բազում անավարտ պատմություններ: Խաղաղ բնակչությանը հակառակորդի դիվերսիոն ուժերի գործողություններից պաշտպանելու համար բնակավայրերի անմիջական հարևանությամբ տեղակայվեցին մարտական հենակետեր: Ոստիկանության ծառայողները կատարեցին իրենց ծառայողական պարտականությունները: Ցավոք, կորուստներն անխուսափելի էին: Կառույցն ունեցավ 11 զոհ և 3 տասնյակ վիրավոր: Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած ոստիկաններին: Զոհված ոստիկանների ընտանիքներն այսուհետ ևս լինելու են պետության հոգածության ներքո, իսկ նրանց հիշատակը միշտ վառ ենք պահելու: Պատերազմից հետո ստեղծված ներկա իրավիճակը մեզ ամեն օր ստիպում է վերանայել մեր անելիքները: Վստահեցնում եմ, որ ոստիկանության ծառայողներն անում են առավելագույնը կառույցն ավելի վստահելի դարձնելու համար, որպեսզի ոստիկանի կերպարը հասարակության շրջանում առաջին հերթին պաշտպանվածության զգացում ներշնչի: Հանցագործությունների դեմ տարվող անզիջում պայքարի արդյունքում էականորեն նվազել են բոլոր տեսակի հանցագործությունների դեպքերը: Համակարգում մեկնարկել է բարեփոխումների մի ծրագիր, որով ստեղծվում են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ծառայությունն ավելի բարձր մակարդակով կազմակերպելու համար: Վերանորոգվում են ռազմական գործողություններից էապես տուժած ստորաբաժանումների շենքերը, կառուցվում են նորերը, թարմացվում է նյութատեխնիկական բազան, վերազինվում արդի չափանիշներին համապատասխան տեխնիկական միջոցներով: Այս ամենին զուգահեռ՝ աշխատանքներ ենք իրականացնում՝ ուղղված ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելուն: Հարգելի գործընկերներ, մաղթում եմ, որ այսուհետ ևս բարձր պատասխանատվությամբ ու արժանապատվորեն շարունակեք կատարել Ձեր մասնագիտական դժվարին գործը: Խաղաղություն և ամենայն բարիք բոլորիս օջախներին»,-ասված է ուղերձում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր