Կյանքից 60 տարեկանում հեռացել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանը: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հայտարարությունից:

«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ այսօր մենք կորցրեցինք մեր լավագույն ընկերոջը, դասախոսին, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր շատ սիրելի պարոն Մուշեղ Հովսեփյանին։

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի  պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների և ուսանողների անունից խոր ցավակցություն ենք հայտնում Մուշեղ Հովսեփյանի ընտանիքին, մտերիմներին ու բարեկամներին, սգում ենք այս անդառնալի ու ծանր կորուստը և ապավինում այն լուսավոր, վեհ ու առինքնող կերպարին, որ իր ապրած 60 տարիներին կերտեց Մուշեղ Հովսեփյանը՝ դառնալով սկզբունքայնության, մարդասիրության, ընկերասիրության, բարձր պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ:

Ցավալի կորուստ բոլորիս համար»,- նշված է հայտարարությունում:

Մուշեղ Հովսեփյանը 1991-1994 թթ. եղել է Հայաստանի հանրային ռադիոյի հասարակական-քաղաքական գլխավոր խմբագրության խմբագիր, 1991-1997 թթ.՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, 1997-2003 թթ.՝ «Անանիա Շիրակացի» համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, 1999 թ-ից 2017 թթ. եղել է ԵՊՀ Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչը, 2001-2005 թթ.՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, 2003-2008 թթ.՝ Ռուս-հայկական համալսարանի պրոֆեսոր: 2008 — 2015 թթ. եղել է ԵՊՀ Գիտխորհրդի անդամ, իսկ 2017 թ-ից զբաղեցնում էր Ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչի պաշտոնը: