Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ջանք չեն խնայում, որպեսզի Արմավիրի մարզի երթուղային ցանցերից մեկը տրամադրեն ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և նրա մտերիմին՝ քրեական գործերով անցնող Ռուբեն Կոստանյանին («Նորագյուղցի Բոգո»)։ Այդ նպատակով մրցույթ են հայտարարել, փոփոխել դրա պայմանները, որպեսզի Ալեքսանյանի և Կոստանյանի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն հաղթող ճանաչվի։ Տեսնելով, որ նրանց ընկերության մրցակիցը կարող է հաղթող ճանաչվել՝ նախարարությունը ձևական խախտում է արձանագրել մյուս մասնակցի փաստաթղթերում և չեղարկել մրցույթը։
«Հետք»-ի խմբագրություն է դիմել Երևան-Արմավիր երթուղին այժմ սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը՝ ներկայացնելով նախարարության, իր բնորոշմամբ, ապօրինի գործողությունները։