00:00:00

Թշնամին նենգ է. անվտանգության խնդիրը միշտ էլ կա. Ծավի գյուղապետ

00:41, 20 նոյեմբեր 2021 Հասարակություն

Սյունիքի սահմանամերձ դարձած Ծավ գյուղի բնակիչներն այլևս Կապան-Ճակատեն ճանապարհից չեն օգտվում։ Խիստ անհրաժեշտության դեպքում Կապան այլընտրանքային ճանապարհով են գնում, որը դեռ վերջնական շահագործման չի հանձնվել։ Նշենք, որ նոյեմբերի 15-ին Կապան-Ճակատեն ավտոճանապարհին ադրբեջանական կողմն անցակետ էր տեղադրել, և 6 գյուղ այդ ճանապարհի փոխարեն պետք է օգտվի այլընտրանքային՝ վատ վիճակում գտնվող ճանապարհից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ծավի գյուղապետ Սեյրան Զաքարյանն ասաց, որ այլընտրանքային ճանապարհի կառուցումն այժմ ընթացքի մեջ է ։ «Այնպես չէ, որ Կապանից կտրված ենք։ Խիստ անհրաժեշտության դեպքում կարողանում ենք ավտոմեքենայով այլընտրանքային ճանապարհով գնալ, կամ էլ Մեղրիի ճանապարհով, ուղղակի Մեղրիով ավելի է երկարում։ Ամեն դեպքում իրավիճակը նորմալ է, ժողովրդի մոտ խուճապ չկա, մարդիկ շարունակում են իրենց կյանքով ապրել։ Ճիշտ է անհանգստություն կա, բայց այնպես չէ, որ խուճապահար լինեն և տեղափոխվելու մասին մտածեն»,-նշեց Սեյրան Զաքարյանը։ Գյուղապետի փոխանցմամբ՝ Մեղրիից շտապօգնության մեքենա են բերել Ճակատեն, մեկն էլ պետք է տանեն Շիկահող կամ Սրաշեն, որ անհրաժեշտության դեպքում կարողանան այդ 6 գյուղերի բնակիչներին բուժօգնություն տրամադրել։ «Դպրոցն աշխատում է, քանի որ բոլոր մանկավարժները գյուղից են։ Մանկապարտեզը նույնպես գործում է, հացի փուռ էլ ունենք։ Կարողանում ենք անհրաժեշտության դեպքում գնալ այլընտրանքային ճանապարհով, բայց հիմա այդքան շարժ չկա, որովհետև աշխատանքներ են ընթանում և պետք չէ դրանց խոչընդոտել»,-նշեց Սեյրան Զաքարյանը։ Հարցին՝ անվտանգային խնդիր չե՞ն տեսնում՝ հաշվի առնելով, որ թշնամին այդքան մոտ է հայկական բնակավայրերին, գյուղապետն ասաց. «Անվտանգության խնդիրը միշտ էլ կա, թշնամին նենգ է։ Դրա համար դիրքերում կանգնած սահմանապահներ ունենք։ Մենք էլ միշտ պատրաստ ենք։ Միշտ այստեղ ենք եղել, մասնակցել ենք պաշտպանությանը։ Այնպես չէ, որ առաջին անգամն է»,-նշեց գյուղապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր