Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիի Հայաստան կատարած այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ձևավորվել է հայ-իրանական համատեղ աշխատանքային խումբ՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գործունեության հետևանքով Արաքս գետի հնարավոր աղտոտման հարցի ուսումնասիրման նպատակով:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ աշխատանքային խմբի հայկակակ կողմի անդամները, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի գլխավորությամբ, Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ընդունել են իրանական կողմի պատվիրակությանը, որը ղեկավարել է ԻԻՀ գլխավոր դատախազության բարձրագույն դատարանի դատախազի օգնական, գլխավոր դատախազության տեխնիկական և միջազգային համագործակցության վարչության պետ Սիամաք Սաիդ Ֆավայեդին:

Մեղրիի համայնքապետարանում տեղի ունեցած համատեղ խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել է նաև  «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենը, քննարկվել են կոմբինատի գործունեության ընթացքում առաջացող կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև դրանց՝ դեպի Արաքս գետ հոսքը կանխելու ուղղությամբ ընկերության իրականացրած աշխատանքները:

Այնուհետև ընկերության տնօրինության առաջարկությամբ այցելություն է կատարվել պոչամբարային հատված, տեղում ուսումնասիրվել է հարստացուցիչ ֆաբրիկայի գործունեության մեջ օգտագործվող ջրերի շրջանառության համար նոր շահագործման հանձնված փակ համակարգի գործունեությունը, ներկայացվել են կեղտաջրերի հոսքը դեպի Արաքս գետ կանխելու ուղղությամբ ընկերության կողմից իրականացված միջոցառումները:

Այցելության ընթացքում աշխատանքային խմբի կողմից արձանագրվել է, որ կոմբինատը կատարել է ջրերի շրջանառության փակ համակարգի ներդրման պարտավորությունը, կոմբինատի գործունեության հետևանքով գետի աղտոտման, կեղտաջրերի արտահոսքի դեպքեր չեն արձանագրվել: Կոմբինատի ներկայացուցիչները, ինչպես նաև աշխատանքային խմբում ներգրավված՝ ՀՀ իրավասու մարմինների ներկայացուցիչները սպառիչ պատասխանել են իրանական կողմին հետաքրքրող բոլոր հարցերին:

Կողմերը համաձայնություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և իրականացնել հնարավոր բոլոր միջոցառումները, այդ թվում՝ հետագայում ցանկացած պահի համապատասխան նմուշառումների միջոցով, տարածաշրջանում լեռնահարստացման գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:

Աշխատանքային խմբում հայկական կողմից ներգրավված են եղել և Մեղրիում կատարված աշխատանքներին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարություններից: