Նոյեմբերի 14-16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծավալված մարտերին մասնակցել ու անձնուրաց կռվել է Տարոն Սահակյանը։ Նա Ջերմուկի գնդից էր` ավագ լեյտենանտ։

Տարոնը ծնունդով Տավուշի մարզից է՝ Ոսկեպարից, ապա տեղափոխվել էր Կողբ գյուղ։ Հայրը զինվորական է, Տարոնն էլ տան երկրորդ զավակն է։ Աշխատել է իրավապահ համակարգում, ապա` տեղափոխվել ՌԴ։ Վերադարձել էր հայրենիք ու մի քանի ամիս է, ինչ Ջերմուկում որպես սպա ընդունվել էր աշխատանքի։

Տարոնն ամուսնացած էր ուներ մեկ որդի ու վերջին շրջանում տեղափոխվել էր բնակվելու Ջերմուկում։

«Փաստինֆո»-ին Տարոն Սահակյանի հարազատները պատմել են` գիտեին, որ Տարոնը գերության մեջ է, բայց այսօր վաղ առավոտյան Սահակյանները տեղեկացել են, որ Տարոնին զոհված են տեղափոխել հայրենիք։ Նրա աճյունն էր երեկ Մուրադովը ինքնաթիռով տեղափոխել Երեւան: Հարզատները նրա՝ Բաքվում հայտնվելու մասին մանրամասներ չգիտեն, բայց տեղյակ են, որ գերեվարել ու սպանել են թշնամիները։ Ասում են, Տարոնը հայրենիքն ամենաթանկն էր համարում ու չէր կարող ենթարկվել թշնամու հրամաններին։

Կողբի բնակիչ Արսեն Աղաբաբյանն էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է, որ Տարոնին մեկ տարի առաջ էր տեսել ու վերջերս տեղեկացել, որ Տարոնը կրկին Հայաստանում է, ծառայում հայրենիքին։

«Ինքը կարգին տղա էր, կարգին մարդ՝ բոլորը դրա մասին գիտեին։ Շատ ակտիվ էր, մարդկային հատկանիշներով օժտված տղա էր։ Նա կռվարար՝ պաշտպանող, չհանձնվող տեսակ էր՝ զարմանալու աստիճան»։

Տարոնի աճյունը Բաքվից վերադարձնելու մասին լուրը եկավ ապացուցելու տեղեկությունները, որ Տարոնը մինչև վերջ կռվել է, ապա գերեվարվել։ Դեպքի մասին ոչ հստակ, բայց տվյալներ ունեն, որ հայկական կողմը ադրբեջանական սադրանքի ժամանակ թշնամու զինծառայողներ է գերեվարել, ապա հրաման են ստացել ազատ արձակել։ Թշնամուն գերի վերցրած Տարոնը նրանց ազատ է արձակել, ապա` ինքը գերեվարվել։

«Մեզ հասած տվյալներով, մեր կողմը ադրբեջանցիներին գերի է վերցրել։ Հրաման են տվել ադրբեջանցի գերիներին հետ տանեն ու տղաները հետ են տարել՝ իրենք են գերի ընկել։ Մեր տվյալներով Տարոնի աճյունը ահավոր խոշտանգված վիճակում է։ Չգիտեմ որ մի ոչխարի հրամանով է, որ ադրբեջանցի գերիներին հետ են ուղարկել ու այդ տղաները գերի ընկել։ Մեզ հասած տվյալներով նրան դաժան ձևով են սպանել, անգամ ծեծելով։ Տեսել եմ լուսանկարն ու մինչև հիմա ուշքի չեմ գալիս»,- ասել է Աղաբաբյանը։

Տարոնն ապրում էր Ջերմուկում, միաժամանակ պաշտպանում հայրենիքը ու իր ընտանիքը։ Բնավորության համաձայն մինչև վերջ պայքարեց։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 17-ին, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին։ Պարզվել է զինծառայողի ինքնությունը. 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան։