Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 18-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին խնդրեց տեղեկություն ներկայացնել Սյունիքում այլընտրանքյային ճանապարհների կառուցման վերաբերյալ:

«Մենք ունե՞նք գյուղեր, որոնք գտնվում են շրջափակման մեջ, թե՞ չունենք: Եվ եթե չունենք, որտեղի՞ց է այդ տեղեկատվությունն ամենօրյա ռեժիմով շրջանառվում մամուլում եւ սոցիալական ցանցերում»,-հարցրեց վարչապետը:

Գնել Սանոսյանն ասաց, որ կա յոթ ճանապարհ, որոնց մասին անընդհատ խոսում են. «Ճանապարհներից մեկը Տաթև-Աղվանին է, որն ավարտված է ու արդեն երթևեկելի է, նորմալ է: Նշել ենք, որ նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկու շերտն է տեղադրված: Գարնանը եթե որոշ թերություններ լինեն, կշտկենք երրորդ շերտը կտեղադրվի:

Մյուս վեց հատվածում հիմա ընթացքի մեջ աշխատանքներ կան, մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որը 9,5 կիլոմետր է: Այդ ճանահարհի 3-5-4 կմ-ն արդեն ամբողջովին հողային ծածկույթի աշխատանքներն իրականացվել են: Մյուս հատվածներում շարունակվում են որոշ տեղերում բարեկարգման,  ճանապարհի անցանելիության կարգավորման եւ անհրաժեշտության դեպքում նաեւ  խճապատման աշխատանքներ:

Մյուսը Տանձավեր-Շուռնուխ ճանապարհն է, որը 13 կմ է, մի մասն ամբողջովին նոր է կառուցվում: Այնտեղ որոշակի դժվարություններ կան, անտառի հատած կա, որի միջով անցնում է: Նույն Շուռնուխ գյուղը առնվազն երկու ճանապարհ ունի. մեկը Խոտ-Որոտան-Շուռնուխ  ճանապարհն է, որը նորմալ է, գործում է, մյուսը Շուռնոխ-Բարձրավան եւ արդեն նշեցի այդ կառուցվող ճանապարհը, որն անցանելի է բոլոր մեքենաների համար:

Որոտան-Խոտք ճանապարհի 10 կմ-ից 5 կմ-ն ամբողջովին պատրաստ է, նկատի ունեմ ոչ թե ասֆալտապատ է, այլ հիմքը ամբողջովին ենթեւեկության համար պատրաստ է: Մյուս 5 կմ-ի վրա նորից իրականացվում են բարեկարգման, խճապատման աշխատանքներ:

Եվ երկու ճանապարհահատված ունենք՝ Կապան-Ճակատեն ու Կապան- Գեղանուշ-Ճակատեն: Օրեր առաջ սկսվել է Գեղանուշ-Ճակատեն հատվածի հողային աշխատանքները, երեկվանից սկսել ենք նաեւ խճապատման աշխատանքները: Որոշակի թեքություններ կան, 2-3 օրում խճապատման աշխատանքը կավարտենք, ճանապարհն ավելի հեշտ ու անցանելի կլինի: Դրան զուգահեռ կկառուցենք Կապան-Ճակտեն նոր ճանապարհը, որը կձգվի այսօր գործող ճանապարհին գրեթե զուգահեռ եւ ավելի հեշտ ու մատչելի կլինի անցնելը:

Իհարկե, շարունակվում է Տաթև-Լծեն 19,9 կմ ճանապարհների աշխատանքները: Այնտեղ 6,5 կմ ճանապարհի աշխատանքներ են իրականացվել», — ասաց Սանոսյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե այդ բոլոր ուղղություններով պետք է օր առաջ ունենալ գրունտային վիճակում գտնվող ճանապարհներ, որը երթևեկելի կլինի բոլոր տիպի մեքենաների համար եւ բոլոր եղանակներին. «Շինարարական սեզոնի մեկնարկի հետ մեկտեղ այդ ճանապարհները կասֆալտապատենք: Նաեւ պայմանավորվել ենք, որ Խոտանան գյուղի հատվածում շրջանցիկ ճանապարհ կիրականացնենք, որպեսզի բեռնատարները գյուղ չմտնեն»:

Նա նշեց, թե ևս մեկ-երկու լրացուցիչ ճանապարհ կառուցելու ծրագիր ունեն, որը հիմա կսկսեն իրագործել:

«Չկա բնակավայր, որտեղ կենսապահովման խնդիր կա կամ, ընդհանրապես, կտրված լինի, շրջափակման մեջ լինի», — վստահեցրեց վարչապետը:

Սանոսյանն էլ ասաց, թե և Որոտանը, և Շուռնուխը, և Բարձրավանը ճանապարհներ ունեն, գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է կապված, որը առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում ավելի մատչելի կդառնա: