Այս երկու օրվա գործողությունների տրամաբանությունն այդպես էլ հասկանալի չեղավ կամ դեռ հասկանալի չէ։ Այս ընթացքում, երևի, կհասկանանք, թե ինչ նպատակ էր հետապնդում հակառակորդը՝ այսպիսի գործողությունների մեջ ներքաշվելով, Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով սահմանին ծավալված ռազմական գործողություններին, ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը այսօր ծավալված ռազմական գործողություններում առավելության չի հասել։

«Եթե նախորդ օրը մենք տեսանք հակառակորդի ցինիկ կեցվածքը մեր դիրքերի մատույցներում, այսօր նրան չհաջողվեց այդպիսի կեցվածքով որևէ առավելություն ունենալ։ Ավելին, եթե օրվա մեջ ունեցել էր առավելություն, ապա օրվա վերջում այդ առավելությունները կորցրեց։ Մենք շատ դիրքեր հետ ենք բերել», — հայտարարեց Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց նաև, որ թշնամին զրահատեխնիկայից բացի, մարդկային մեծ կորուստներ է ունեցել։

«Մեր զինված ուժերը մտան մարտական գործողությունների մեջ և օրվա վերջում պարտադրեցին, այս պահի դրությամբ, հրադադար», — ասաց նա։