00:00:00

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ

19:19, 15 նոյեմբեր 2021 Հասարակություն

Ուկրաինայի Գերագույն ռադայի ՀՀ-ի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկի գլխավորությամբ Գերագույն ռադայի պատգամավորները ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանի եւ խմբի անդամների ուղեկցությամբ նոյեմբերի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնում է «AnalitikaUA»-ն։ Հյուրերը մեր երկրում են` Ուկրաինայի հայերի միության հիմնադրման 20-ամյակին նվիրված աշխատանքային համաժողովին մասնակցելու նպատակով: Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: «Հայաստանը եւ Ուկրաինան եղբայրական երկրներ են: Հայերի ցեղասպանությունը մարդկության պատմության այն փաստն է, որը չպետք է կրկնվի: Նման իրողություններն անթույլատրելի են»,- ասել է Արտյոմ Դմիտրուկը: Ըստ պատգամավորի` Ուկրաինան եւ Հայաստանն ունեն շատ ընդհանրություններ. ինչպես ուկրաինացիները, այնպես էլ հայերը տարբեր ժամանակներում ստացել են ցավոտ հարվածներ: «Մենք պետք է բարեկամ լինենք, անհրաժեշտ պահերին օգնության ձեռք մեկնենք միմյանց»,-ընդգծել է ուկրաինացի պատգամավորը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր