Իրավիճակը ճիշտ այնպիսին է, ինչպես երեկ երեկոյան ներկայացրել է ԱԽՔ կոչված. Գիշերը ժամը 12-ից փակվել է Գորիս-Կապան ճանապարհը, որպեսզի այնտեղ ադրբեջանական նոր մաքսակետեր տեղադրվեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սյունեցի Աննա Գրիգորյանը։

«Ես Ազգային ժողովի ամբիոնից, այլ հարթակներից երկու ամիս է՝ հարց եմ հնչեցնում, ադրբեջանցիները ակտիվ շինարարական աշխատանքներ են կատարում, ի՞նչ են կառուցում, հնարավո՞ր է, որ այն մեզ համար անվտանգային խնդիրներ ստեղծի։ Եվ որևէ մեկը որևէ  պատասխան չէր տալիս։ Ընդամենը երեկ ԱԽՔ կոչվածը տեղի ունենալիքից ժամեր առաջ հայտարարում է, որ մաքսակետեր են կառուցում, մենք էլ մեր մաքսակետն ենք կառուցում։ Այդ ո՞ւմ համար ենք մաքսակետ կառուցում: Դրան պատկերացրե՞լ են, թե այդ ճանապարհով անցնող մարդիկ ինչ անվտանգություն պետք է ունենան: Մի օրինակ բերեմ, ուսուցիչը, որն ամեն առավոտ Գորիսից գնում է Որոտան դաս տալու, նա ո՞նց պետք է գնա»,-ասաց Աննա Գրիգորյանը։

«Այդ ԱԽՔ-ը կամ կառավարության նիստի մասնակիցները կարո՞ղ են սրա պատասխանը տալ։ ԱԱԾ-ից իմ գրավոր հարցման ի պատասխան հայտարարել էին, որ ռուս խաղաղպահների հետ համաձայնություն է ձեռք բերվել ճանապարհի անխափան երթևեկության մասին։ Փաստորեն այն այլևս անխափան չէ։  Ես ուզում եմ այսօր զգուշացնել, որ վտանգի տակ է նաև Կապան-Ճակատեն ճանապարհը, որտեղ այսօր ադրբեջանցիներ են կանգնած»,-ասաց նա։

Աննա Գրիգորյանը հարց հնչեցրեց, թե ինչպե՞ս կարելի է միջպետական ճանապարհը հանձնել ադրբեջանցիներին ու հայտարարել, որ գործում է այլընտրանքային ճանապարհ. «Բացի այդ, երեք գյուղեր՝ Բարձրավանը, Որոտանը, Շուռնուխը հայտնվելու են շրջափակման մեջ։ Ճանապարհների այլընտրանքը դեռ կառուցված չէ։ Մեկ տարի է անցել, բա չե՞ք մատածել, այդ մարդիկ ինչ են անելու»,-ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ ակցիայի ավարտից հետո փորձելու է Կապան հասնել հենց այդ ճանապարհով, որպեսզի հասկանա, թե ինչպես պետք է այդ տարածքով անցնի սովորական քաղաքացին, ավելին կոչ արեց, որ ճանապարհաշինության մասին պարծեցող Սուրեն Պապիկյանը Կապան մեկնի այդ հատվածով, իսկ Կապանի ՔՊ թեկնածուն էլ ընտրողների հետ հանդիպի հենց Գորիս-Կապան ճանապահի հատվածում։

«Սա այլևս քաղաքականության հարց չէ, սա մեր պետության հարցն է։ Առանց որևէ իրավական հիմքի այդօր ադրբեջանցիները գտնվում են մեր պետության տարածքում, ճանապարհները զավթել են, մաքսակետեր են տեղադրել»,-ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, պատրաստվում է որպես պատգամավոր մուտք գործել կառավարության շենք ու հարցեր հնչեցնել՝  պատասխաններ լսելու համար։