00:00:00

Դատարանը մերժել է ՔՊ-ին. Տաթևում ՔՊ-ի մանդատները չեն ավելանա

02:29, 11 նոյեմբեր 2021 Հասարակություն

Տաթև համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը կունենա 2 մանդատ, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցություն՝ 6 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 7 մանդատ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վարչական դատարանը՝ դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Ալեքսանդրա Հարությունյանի, Սամվել Հովակիմյանի, Դանիել Դանիելյանի, Գևորգ Սոսյանի՝ մերժել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցադիմումը՝ հոկտեմբերի 17-ի արդյունքների վերաբերյալ թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին։ Վարչական դատարանը որոշել է ուժի մեջ Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի վիճարկվող որոշումները։ Դատարանը գործը քննելիս քվեարկության իրական արդյունքները պարզելու անհրաժեշտությունից ելնելով իրականացրել է քվեարկության արդյունքների հաշվարկ: Այն է՝ դատավարության մասնակիցների մասնակցությամբ հաշվել է բոլոր 7 վերահաշվարկված տեղամասերում կողմ քվեարկած քվեաթերթիկների, անվավեր քվեաթերթիկների թիվը, տարբերություններ չեն արձանագրվել: «Դատարանը հետազոտելով 28 անվավեր ճանաչված վիճելի քվեաթերթիկները եզրակացնում է, որ դրանք սահմանված նմուշի են, դրանցից մի քանիսը մեկից ավելի կուսակցության օգտին նշումներ են ներառում, մի քանիսը՝ բացի քվեարկության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից, ներառում են ավելորդ գրառում, մի քանի քվեաթերթիկներում՝ ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը, ինչպես նաև լրացված են սահմանված ձևի էական խախտումներով և հստակ չէ ընտրողի մտադրությունը»,- նշել է դատարանը՝ արձանագրելով, որ պատասխանողի կողմից ներկայացված որոշումներն իրավաչափ են, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթի ընտրախախտումներ չեն եղել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քվեարկության արդյունքներով համայնքի ավագանի են ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» եւ «Շանթ դաշինք» կուսակցությունները ։ Ճիշտ է՝ իշխող ուժը՝ ՔՊ-ն քվեարկության արդյունքներով առաջատար է, բայց մյուս երկու ուժերի միավորվելու դեպքում չի կարողանում ստանձնել համայնքի կառավարումը։ Դատարանի արձանագրմամբ՝ մանդատները բաշխվում են հետևյալ կերպ՝ «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 2 մանդատ, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցություն՝ 6 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 7 մանդատ։ Դատարանի որոշումը վերջնական է, ուժի մեջ է մտել հրապարակման պահից և վերանայման ենթակա չէ։ Նշենք, որ վարույթի շրջանակներում որպես երրորդ անձ է ներգրավվել «Ապրելու երկիր» կուսակցություն, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր