00:00:00

Ճապոնիայի կայսրը հաստատել է նոր կառավարության կազմը

01:49, 11 նոյեմբեր 2021 Հասարակություն

Ճապոնիայի կայսր Նարուհիտոն հաստատել է նոր կառավարության կազմը, որը կրկին գլխավորում է վարչապետ Ֆումիո Կիսիդան։ Այդ կապակցությամբ պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ Տոկիոյի կայսերական պալատում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: Կայսրի կողմից նախարարների կաբինետի կազմի հաստատումը պարտադիր ընթացակարգ է, որն անցկացվում է Ճապոնիայի սահմանադրության համաձայն։ Արարողության ժամանակ նախարարները հերթով կայսրից ստանում են հատուկ փաստաթուղթ՝ միապետի կողմից ստորագրված նշանակման մասին ծանուցում։ Կիսիդան առաջին անգամ վարչապետ է նշանակվել հոկտեմբերի 4-ին։ Չորեքշաբթի օրը նա վերընտրվել է այս պաշտոնում, ինչը պաշտոնական ընթացակարգ է հոկտեմբերի 31-ին խորհրդարանի առանցքային ստորին պալատի ընտրություններից հետո: Նրա նոր կաբինետում արտգործնախարարի պաշտոնը ստանձնել է պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Յոսիմասա Հայասին, իսկ մյուս նախարարները պահպանել են իրենց պորտֆելները։ Նոյեմբերին Կիսիդայի կառավարությունը մտադիր է հաստատել միջոցառումների նոր փաթեթ՝ աջակցելու տնտեսությանը եւ բնակչությանը կորոնավիրուսային համավարակի պայմաններում։ Ակնկալվում է, որ դրա ծավալը կկազմի ավելի քան 30 տրլն իեն (ավելի քան 265 մլրդ դոլար)։ Գումարի մի մասը՝ 100 000 իենի (մոտ 880 դոլար) չափով կուղղվի մինչեւ 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին նպաստների վճարմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր