00:00:00

ՀՀ-ն կարևոր նշանակություն ունի ԵՄ երկրների համար տնտեսական և գեոստրատեգիական առումով. Եվրախորհրդարանի պատգամավոր

03:59, 06 նոյեմբեր 2021 Հասարակություն

Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ինքը՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը:
 
«Սա, իհարկե, իմ առաջին այցելությունը չէ Հայաստան, ես Հայաստանում արդեն եղել եմ: Իմ այս այցելությունը մասնավոր է, և ցանկություն ունեմ հայաստանյան մեր գործընկերների հետ կարծիքներ փոխանակելու ինչպես տնտեսության և առևտրի բնագավառին առնչվող հարցերի, այնպես էլ ռազմավարական հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, ինձ հետաքրքրում են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները տնտեսական առումով», - «Արմենպրես»-ին հաղորդել է Լարս Պատրիկ Բերգը՝ հիշեցնելով, որ նախքան Եվրախորհրդարանի պատգամավոր դառնալն ինքը եղել է Գերմանիայի Բադեն-Վյուրթենբերգ երկրամասի խորհրդարանի անդամ և իրեն մշտապես հետաքրքրել են ոչ միայն տնտեսական հարցերը, այլև արտաքին քաղաքականությունը, պաշտպանության և անվտանգության հարցերը:
 
Բերգի խոսքով՝ Վահե Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական բնույթի հարցեր, իսկ Արման Եղոյանի հետ հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շուրջ: Հանդիպումները հայ խորհրդարանականների հետ տեղի են ունեցել նոյեմբերի 4-ին:
 
Այդ համատեքստում Եվրախորհրդարանի պատգամավորը անդրադարձել է Հայաստանի և Եվրամիության միջև 2017 թ. նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանի բոլոր կուսակցություններն էլ հետաքրքրված են այդ համաձայնագրի կենսագործմամբ, քանի որ Հայաստանը՝ որպես առանձին երկիր և ընդհանուր տարածաշրջանը կարևոր նշանակություն ունի Եվրամիության անդամ պետությունների համար ոչ միայն տնտեսական, այլ նաև աշխարհառազմավարական առումով:
 
«Բավական է նշել միայն այն փաստը, որ Հայաստանը 2001 թվականից ի վեր հանդիսանում է Եվրոպայի խորհրդի անդամ, և այս 20 տարիների ընթացքում բազմաթիվ միջոցառումներ ու ծրագրեր են իրականացվել Հայաստանի մասով: Վերցնենք թեկուզ իրավական պետության հարցը, դատաիրավական բարեփոխումները և այլն: Եվ այս ուղղությամբ ցանկացած այլ քայլ, որը կխորացնի այդ զարգացումները, միշտ պետք է դրական գնահատել», - ասել է Լարս Պատրիկ Բերգը:
 
2017 թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) Հայաստանի և Եվրամիության գործընկերության իրավական հիմքն է: Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2021 թ. մարտի 1-ից:
 
Լարս Պատրիկ Բերգը նախկինում մի քանի անգամ այցելել է ՀՀ և Արցախի Հանրապետություն: Նա Եվրախորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցությունից է, ԵԽ Տնտեսական և արժութային հարցերի հանձնաժողովի անդամ և ներկայացնում է գերմանական Լիբերալ-պահպանողական ռեֆորմիստների կուսակցությունը: Նախկինում եղել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից՝ ներկայացնելով ԵԽ «Ինքնություն և ժողովրդավարություն» խմբակցությունը: Մինչև 2021 թ. մայիս ամիսը նա եղել է Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր