00:00:00

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը պնդում է` մեղադրող կողմի բողոքը ենթակա է մերժման

02:22, 06 նոյեմբեր 2021 Հասարակություն

Հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածի մասով  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի կարճման դեմ տուժող կողմի և դատախազության բողոքները չեն կարող բավարարվել, որովհետև բացակայում է Վերաքննիչ դատարանի լիազորությունների շրջանակում վերանայման հնարավորությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Վերաքննիչ դատարանի նիստին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Օրբելյանի խոսքով՝ գործի շրջանակներում երևան եկած որևէ նոր հանգամանք չկա, և ստացվում է, որ, ըստ դատախազության, առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ: Մինչդեռ դատախազության բողոքում որևէ անդրադարձ չկա դատական սխալին։
Մեկ այլ կարևոր հանգամանք, որի մասին պաշտպանական կողմը միշտ նշել է․ այս քրեական գործով տուժողներ չեն կարող լինել։ «Մենք առաջին իսկ օրվանից մատնանշել ենք, որ այս գործն ինքնին ուղղված չէ տուժողների իրավունքների պաշտպանությանը», - ասել է Օրբելյանը: Անդրադառնալով մեղադրյալի՝ դատական նիստին ներկա լինել-չլինելու հարցին՝ Օրբելյանն ընդգծել է, որ հակասահմանադրական հոդվածով նիստ կամ գործ չի կարող լինել։ «Այն պահից սկսած, երբ հոդվածը ճանաչվում է հակասահմանադրական, դատարանը ոչ թե նիստի է սպասում, այլ միանգամից այդ մասով գործը կարճում է։ Բողոքը պետք է մերժվի։ Պետք է շատ հստակ մի բան հասկանալ․ եթե հոդվածը ճանաչվում է հակասահմանադրական, ապա պետք է դադարեցնել հետապնդումը, ներողություն խնդրել և վերջ, պետք չէ սարքել կյանքի գործ ու մարդու նկատմամբ փորձել հետապնդում իրականացնել մինչև վերջ», - նշել է պաշտպանը։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան   դիմելու և վարույթը կասեցնելու մասին։ Միջնորդության մեջ Բաղդասարյանը հղում է արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի դիմումի վերաբերյալ ՄԻԵԴ որոշման։ Դատախազը գտնում է, որ այդ որոշումը կարող է նոր հիմնավորում լինել Վերաքննիչի կողմից ՍԴ դիմելու համար։ Սակայն որոշման թարգմանությունը դատարանը չունի։ 10-օրյա ժամկետում դատախազները պետք է ներկայացնեն որոշման թարգմանությունը։ Խոսելով Վերաքննիչ դատարանի կողմից ՍԴ դիմելու հնարավորության մասին՝ պաշտպան Օրբելյանը նշել է, որ դա անհնար է, քանի որ դատարանը դիմում է ՍԴ այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է իր կողմից գործի քննության համար։ Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ նիստն ընդմիջվեց և կշարունակվի նոյեմբերի 18-ին, ժամը 15:30-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր