00:00:00

Սննդամթերքի համաշխարհային գները ռեկորդային աճ են գրանցել

03:29, 05 նոյեմբեր 2021 Հասարակություն

Սննդամթերքի համաշխարհային գները ռեկորդային աճ են գրանցել եւ գերազանցել են 2011թ. ցուցանիշը։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հաղորդագրության մեջ։ Հոկտեմբերին Պարենային ապրանքների գների ինդեքսի միջին արժեքը, որը թույլ է տալիս ամսական կտրվածքով հետեւել ամենաշատ օգտագործվող պարենային ապրանքների համաշխարհային գների տատանումներին, աճել է մինչեւ 133,2 կետ՝ սեպտեմբերի մակարդակից 3,9 տոկոսով ավելի: Ինչպես նշել են FAO-ում, աճը շարունակվում է արդեն երրորդ ամիսն անընդմեջ։ Մասնավորապես, բուսական յուղի գների ինդեքսն աճել է 9,6 տոկոսով՝ մինչեւ 184,8 կետ։ Այսպիսի աճը հիմնականում պայմանավորված է արմավենու, սոյայի, արեւածաղկի եւ ռապսի ձեթի թանկացումներով։ Հացահատիկային ապրանքների գների ինդեքսն աճել է 3,2 տոկոսով (մինչեւ 137,1 կետ)։ Ընդ որում, ամենաշատը թանկացել է ցորենը, դա տեղի է ունեցել արտահանման մեծ պահանջարկով նվազման ֆոնին, թանկացել է նաեւ գարին։ Կաթնամթերքի գների ինդեքսը բարձրացել է մինչեւ 120,7 կետ, ընդ որում ամենաշատը դա ազդել է յուղազերծված կաթի փոշու եւ կարագի վրա։ Նոյեմբերի սկզբին փափուկ ձմեռային ցորենի գները սահմանել էին ինը տարվա ռեկորդ՝ 2012 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցելով 8 դոլարը (0,027 տոննա) ՝մեկ բուշելի դիմաց: Հացահատիկը թանկանում է արդեն վեցերորդ ամիսն անընդմեջ, մինչդեռ միայն հոկտեմբերին դրա արժեքն աճել է 6,5 տոկոսով։ Ներմուծողներն ընդլայնում են իրենց գնումները Ռուսաստանի կողմից արտահանման մաքսատուրքերի սահմանման եւ եղանակային անբարենպաստ պայմանների՝ ցանքի ժամանակ երաշտի ֆոնին։ Ինչպես հաղորդում է Financial Times-ը, «տիպիկ նախաճաշի ինդեքսը», որն ավանդաբար հաշվում է հրատարակությունը, 10 տարում ավելացել է առավելագույն մեծության։ Սուրճի, կաթի, շաքարի, վարսակի, ցորենի եւ նարնջի հյութի ֆյուչերսները երկու տարվա ընթացքում թանկացել են միջինը 63 տոկոսով։ Ըստ վերլուծաբանների՝ հիմնական սննդամթերքի արժեքը կշարունակի աճել առնվազն հաջորդ տարվա ընթացքում։ Ընդ որում՝ գնորդներին այլ բան չի մնում, քան հաշտվել պարենային ապրանքների թանկացման հետ։ Ամերիկյան Kraft Heinz սննդամթերքի կոնցեռնի ղեկավար Միգել Պատրիսիոն պարզաբանել է, որ թանկացման մի քանի պատճառ կա։ Նախ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով խաթարվել է արտադրության համար անհրաժեշտ ապրանքների մատակարարումը։ Երկրորդ՝ համաշխարհային տնտեսության վերականգնման ֆոնին արտադրությունը չի համապատասխանում պահանջարկին, իսկ էներգակիրների գների աճը մեծացրել է արտադրողների ծախսերը։ Նրա կարծիքով՝ գները կշարունակեն աճել, քանի որ մոլորակի բնակչությունն աճում է, իսկ այն տարածքը, որտեղ կարելի է սննդամթերք աճեցնել՝ ոչ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր