ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է դպրոցականների 2021-2022 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների նախագահների հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ ՀՀ դպրոցականներն ավանդաբար լավ արդյունքներ են գրանցում միջազգային օլիմպիադաներում, սակայն ըստ վիճակագրության՝ այդ օլիմպիադաներին, հատկապես բնագիտական և ճշգրիտ գիտությունների գծով, գրեթե միշտ մասնակցում են նույն դպրոցների աշակերտները: Նախարարն ընդգծել է, որ պետք է անել հնարավորը՝ մեծացնելու տարբեր դպրոցների երեխաների ընդգրկվածությունն օլիմպիական գործընթացում: Այդ նպատակով Վահրամ Դումանյանն առաջարկել է խրախուսել դպրոցներում օլիմպիական խմբակների կազմակերպումը:

«Դպրոցները պետք է հավուր պատշաճի իրենց աշակերտներին տեղեկացնեն օլիմպիադաների անցկացման և մասնակցության մասին, ինչպես նաև դպրոցներում ձևավորեն օլիմպիական մթնոլորտ»,- շեշտել է նախարարը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր հերթին նշել է, որ պայմանավորված Քովիդ-19 համավարակով՝ այս տարի ևս առաջնահերթություն է օլիմպիադաների անցկացման ընթացքում խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները:

Ներկաները քննարկել են հատկապես դպրոցական փուլում գնահատման օբյեկտիվության խնդիրը: Գնահատման գործընթացը բարելավելու նպատակով ոլորտի պատասխանատուներն առաջարկել են ներկայացնել համապատասխան առաջարկներ:

Հանդիպման օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է 2022 թ. Հայաստանում անցկացվելիք կենսաբանության միջազգային օլիմպիադային: Նշվել է, որ վերջերս հանդիպում է տեղի ունեցել կազմկոմիտեի անդամների հետ, և պետք է հնարավորինս աջակցել կազմկոմիտեին՝ կենսաբանության միջազգային օլիմպիադան մեր երկրում բարձր մակարդակով անցկացնելու համար: Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկաներին տեղեկացրել է, որ ՀՀ բյուջեից հատկացվել են համապատասխան միջոցներ՝ միջազգային այդ կարևոր միջոցառումը պատշաճ կազմակերպելու համար:

Օրակարգի մյուս հարցն առնչվում էր հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգին: Մասնավորապես, քննարկվել են «միջազգային և այլ օլիմպիադաներ» դրույթի հստակեցման խնդիրը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև օլիմպիական խմբակների խմբավարների պատրաստման և հարակից այլ հարցերի: