00:00:00

Մամիկոն Ասլանյանը Վանաձորի ընտրություններից հետո ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու մասին չի մտածում

00:25, 05 նոյեմբեր 2021 Հասարակություն

Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մտադիր է մասնակցել Վանաձորի ՏԻՄ ընտրություններին՝ «Ասլանյան» դաշինքի կողմից՝ պնդելով, որ չի մտածում ընտրություններից հետո կոալիցիաներ կազմելու մասին։ «Ընտրությունների գնում ենք ոչ թե կոալիցիաներ կազմելու, այլ հաջողություններ արձանագրելու համար, հետեւաբար այդ մասին չենք մտածում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Մ.Ասլանյանը։ Նա հույս է հայտնել, որ վանաձորցին կկարողանա ճիշտ ընտրություն կատարել։ Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ Մամիկոն Ասլանյանն ընտրություններին կմասնակցի «Ասլանյան» դաշինքով, իսկ ՔՊ-ի համայնքի ղեկավարի թեկնածուն այստեղ կլինի Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Մամիկոն Ասլանյանը նշեց, որ համայնքապետի թեկնածուներից որևէ մեկին, այդ թվում Արամ Խաչատրյանին, չի առանձնացնում, քանի որ դա մրցակցային պայքար է, որին 10 քաղաքական ուժ է մասնակցելու։ Հարցին՝ ինչու որոշեց առաջադրվել հենց «Ասլանյան» դաշինքի կողմից, Մամիկոն Ասլանյանը նկատեց՝ իր տարիների փորձը ցույց է տալիս, որ համայնքային ընտրությունները կուսակցականացված չեն, և սխալ է, որ այդպիսին լինեն։ «Համայնքի ղեկավարի ընտրությունների հաջորդ օրվանից համայնքապետարանն ու համայնքի ղեկավարը ծառայում են ողջ ազգաբնակչությանը՝ անկախ իրենց կուսակցական և այլ պատկանելությունից։ Իհարկե, քաղաքական պատասխանատվություն կրելու առումով գտնում եմ, որ համայնքային քաղաքականությունն էլ է բավականին ակնառու, և մեծ քաղաքներում կարող է լինել այլ կոնֆիգուրացիա, քաղաքի կառավարման ու ղեկավարման այլ ֆորմատ, և դա որևէ կերպ խոչընդոտ չէ կենտրոնական իշխանությունների հետ շփվելու համար»,-նշեց Վանաձորի քաղաքապետը։ Անդրադառնալով իրենց քաղաքական ուժի ծրագրերին՝ գործող քաղաքապետը նշեց, որ ընտրություններից հետո էլ Վանաձորում պետք է շարունակվեն այն աշխատանքները, որոնց մեկնարկը տրված է։ Առանձնացրեց 2-3 նոր ուղղություն, որտեղ ևս պետք է աշխատանքներ իրականացվեն։ Դրանք են տրանսպորտային նոր ցանցը, աղբի վերամշակումը և տնակային ավանի բնակիչներին բնակարանով ապահովելու հարցը։ «Բնակարանաշինության առումով խնդիր ունենք, որովհետև Վանաձոր համայնքի բյուջեի մասշտաբների չի համընկնում խնդրի հետ, և պետական աջակցության խնդիր կա։ Եղել են բնակարանաշինական աշխատանքներ բարեգործական կազմակերպությունների, նաև մեր ներդրման միջոցով, սակայն դրանք շատ քիչ են եղել՝ տարեկան միջինացված 5-10 բնակարան։ Այս խնդիրը պետք է փաթեթային ռեժիմով լուծվի, որ Վանաձորում տնակային ավաններ չունենանք։ Ամրացման ենթակա շենքեր նույնպես ունենք»,-նշեց քաղաքապետը։ Դիտարկմանը, որ վանաձորցիները նշում են՝ ժամանակի արդյունաբերական քաղաքից ոչինչ չի մնացել և բողոքում աշխատատեղերի խնդրից, Մամիկոն Ասլանյանը նկատեց՝ եթե քաղաքապետի որևէ թեկնածու ասի, որ ինքն աշխատատեղեր է ստեղծելու, ապա ճիշտ չի խոսի։ «Քաղաքապետն ուղղակի կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել ենթակառուցվածքների առումով, ներդրումների գրավչության առումով։ Այդ ուղղությամբ այս տարիների ընթացքում աշխատանքներ իրականացրել ենք ու առաջիկայում էլ կանենք»,-ասաց քաղաքապետը։ Վերջինս հավելեց՝ այս 5 տարիների ընթացքում գրեթե բոլոր ոլորտներում էլ աշխուժություն գրանցվել է։ Շեշտակի աճ է գրանցվել հատկապես շինարարության ոլորտում, ինչը Մամիկոն Ասլանյանը համարում է իրենց լիբերալ քաղաքականության արդյունք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր