00:00:00

Գրետա Թունբերգը կոչ է արել բողոքի ցույցեր անցկացնել Գլազգոյում

17:56, 03 նոյեմբեր 2021 Հասարակություն

Գրետա Թունբերգը կոչ է արել բողոքի զանգվածային ցույցեր անցկացնել Գլազգոյում, որտեղ տեղի են ունենում ՄԱԿ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ կոնֆերանսի (COP26) միջոցառումները։ Այսպիսի կոնֆերանսների հաջող անցկացման համար անհրաժեշտ է «լայն հանրային ճնշում դրսից»,- չորեքշաբթի Twitter-ում գրել է շվեդ էկոակտիվիստը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Միացեք կլիմայական ցույցին այս ուրբաթ եւ կլիմայական երթին շաբաթ օրը, որպեսզի ձեր ձայնը լսելի լինի։ Միասին մենք ուժեղ ենք»,- ասել է նա։ Թունբերգն ավելի վաղ կլիմային նվիրված կոնֆերանսին մասնակցող համաշխարհային առաջնորդներին անվանել էր կեղծարարներ, իսկ համաժողովը՝ ձախողակ։ Նրա կարծիքով՝ քաղաքական գործիչներն ըստ էության ի վիճակի չեն լուծել կլիմայի փոփոխության խնդիրը, եւ վճռական միջոցներով փոփոխությունների պետք է հասնի հասարակությունը, որն էլ կդառնա փոփոխությունների շարժիչ ուժը։ Գլազգոյում COP26-ին մասնակցելու համար հավաքվել է ավելի քան 25 հազար մարդ 196 երկրից, ներառյալ քաղաքական գործիչներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների եւ բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց անվտանգությունը ապահովում է 10 հազար ոստիկան։ COP26-ում ամփոփվելու են հնգամյա գործունեության արդյունքները, որը մեկնարկել էր Փարիզում 2015թ. կլիմայի մասին համաձայնագրի ստորագրմամբ։ Այն ժամանակ COP21-ում ընդունվել էր Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը, որում հռչակվում են՝ կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, թույլ չտալ, որպեսզի մոլորակի վրա մինչեւ 2100 թվականը միջին տարեկան ջերմաստիճանը բարձրանա Ցելսիուսի ավելի քան երկու աստիճանով մինչինդուստրիալ մակարդակի համեմատ եւ ընդունել ջերմացման զսպման միջոցներ 1,5 աստիճանի սահմանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր