- հակադրվում է Հայաստանի և Արցախի ընթացիկ տնտեսական շահերին,
- ամենակարճ ճանապարհն է տնտեսական մեթոդներով թուրքական ազդեցությունը մեր տարածաշրջանում անսահման տարածելու համար,
- անխուսափելիորեն հանգեցնելու է ինքնիշխանության և պետականության անդառնալի կորուստների՝ հայկական երկու պետությունների տնտեսական համակարգի թուրքացմանը համաքայլ,
- մյուս կողմից՝ այս նպատակադրումը թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի կենտրոնում է, ավելին՝ դարձել է առաջնային, օր առաջ և ամեն գնով, ներառյալ ռազմական ուժի կիրառման սպառնալիքով, իրագործման ենթակա,
- անխոս՝ ունի ոչ միայն կառուցողական վերաբերմունք մեր հարևան երկու պետություններում, այլև իրագործվում է անշեղորեն՝ հենց իրենց կողմից պարտադրվող սցենարով։
- Թուրքիայի ռազմավարական հեռանկարում ինքնիշխան Հայաստանն իր տնտեսական տարածքով անհաղթահարելի խոչընդոտ է։
- Ադրբեջանի ՀՆԱ-ի շուրջ 40-45 տոկոսը նավթի և գազի արդյունահանումն է, իսկ տնտեսական համակարգն առավելապես կցված է Թուրքիայի տնտեսությանը։ Տարեկան շուրջ 18 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով արդյունահանվող ադրբեջանական նավթն ու գազը անփոխարինելի նյութական հիմք են Թուրքիայի տնտեսության կայուն զարգացման համար՝
- էներգետիկ էժան ռեսուրսներ,
- արտահանման աճող պահանջարկ ունեցող մեծ շուկա,
- նավթադոլարային ներդրումներ և այլն։
- Թուրքիան այլ երկրների նկատմամբ ևս ակտիվորեն իրականացնում է տնտեսական էկսպանսիայի քաղաքականություն։ Առկա են դրա հաջողված բազմաթիվ օրինակներ՝
- էքսպանսիայի ենթարկված երկրներում թուրքական կապիտալի և սեփականության առաջանցիկ աճ և դրանից բխող տնտեսական անորոշություններ,
- տնտեսական մեթոդներով քաղաքական կախվածության խորացում և ռիսկեր,
- տնտեսական անվտանգությանը պատճառված անդառնալի հետևանքներ,
- թուրքական ծագման կապիտալի և գործատուների միջոցով քաղաքական կապիտալի հետևողականորեն ձևավորում ընդունող երկրներում։
- Անկախ Հայաստանի տնտեսական համակարգը ձևավորվել և զարգացել է հարևան երկու երկրների կողմից տնտեսական լիակատար շրջափակման պայմաններում, իսկ այդ երկրների հետ նախկինում եղած տրանսպորտային ենթակառուցվածքներն այլևս գոյություն չունեն։
- Նոր ենթակառուցվածքների ձևավորումը պահանջելու է ֆինանսական ահռելի ներդրումներ, որին Հայաստանի մասնակցությունը լինելու է աննշան՝ հաշվի առնելով ներկա փուլում առկա պետական բյուջեի հնարավորությունները, օտարերկրյա ներդրումների ցածր մակարդակը, առաջանցիկ աճող պետական պարտքի և դրա սպասարկման բեռը։ Այսինքն՝ դրանք ձևավորվելու և շահագործվելու են թուրք-ադրբեջանական կապիտալով՝ իրենց տնտեսական շահերի անվերապահ դոմինանտությամբ։
- Հայաստանի տնտեսական համակարգը կորցնելու է տարածաշրջանում իր համեմատական առավելություններն ու հետաքրքրությունը, աշխարհագրական բարենպաստ դիրքը՝ հյուսիս-հարավ հաղորդակցությունն ապահովելու առումով։
- Հայաստանի տարածքով հաղորդակցության նոր կոմունիկացիաները ձևավորելու են թուրք-ադրբեջանական տնտեսական փոխսերտաճման նոր մակարդակ՝ բերելով երկարաժամկետ նոր մարտահրավերներ Հայաստանի տնտեսական անվտանգության տեսանկյունից։
- Հայաստանի արտահանման հիմնական ներուժը երկարաժամկետում ունի հետևյալ աշխարհագրությունը՝ Իրան, ԵՄ և ԵԱՏՄ անդամ երկրներ։ Այս երկրների հետ ձևավորված են նաև միջազգային առևտրի որոշակի արտոնություններով ռեժիմներ, բարեկամական կապեր և ռազմավարական գործընկերություն։
- Արտահանմանը միտված հայկական արտադրանքը չունի մրցակցային առավելություններ թուրքական և ադրբեջանական շուկաներում։ Այս երկու երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրի անբարենպաստ հիմնական պայմաններն են՝
- արտահանման ճյուղերի բարձր համընկնումը,
- Հայաստանի արտահանող ճյուղերում համամետական բարձր ծախսերն ու տեխնոլոգիական ցածր մակարդակը,
- Հայաստանի համեմատ այդ երկրներում էներգետիկ ռեսուրսների էապես ցածր գները, գյուղատնտեսությանը տրամադրվող պետական սուբսիդիաների անհամեմատ մեծ ծավալը,
- մասշտաբի էֆեկտը,
- Թուրքիա-Ադրբեջան ազատ առևտրի ռեժիմը, իսկ երրորդ երկրներից ներմուծման նկատմամբ խիստ տարբերակված քաղաքականությունը,
- Իրականում Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ երկրների գնողունակ մեծ շուկայի հասանելիության անտեսումը և այլն։
- Մասնագիտական այս գնահատումները հիմնավորվում են նաև պաշտոնական վիճակագրությամբ․
- 2010-2019թթ. Հայաստանը Թուրքիայից ընդհանուր ներմուծել է շուրջ 2,151 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ արտահանել է ընդամենը 13,9 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք՝ 155 անգամ պակաս,
- միայն 2019թ․ Թուրքիայից Հայաստանը ներմուծել է 268 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք, որը նախորդ 10 տարիներին ունեցել է աճի միտում,
- Հայաստանի ներմուծման կառուցվածքում Թուրքիայի տեսակարար կշիռը կազմել 5 տոկոս, իսկ արտահանման կառուցվածքում՝ 0,1 տոկոս՝ տարբերությունը 50 անգամ։
- Առկա են իրատեսական և անկառավարելի ռիսկեր՝ Հայաստանի տնտեսական համակարգը թուրք-ադրբեջանական կապիտալով ամբողջապես կլանելու առումով, մասնավորապես․
- տնտեսության, ներառյալ՝ օտարերկրյա ներդրումների անհամեմատ փոքր ծավալները,
- տնտեսական անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ և համարժեք սահմանափակումների բացակայությունը,
- տնտեսության պատասխանատուների անսահման մոլուցքն ամեն գնով, այդ թվում՝ տնտեսական անվտանգության հաշվին ներդրումներ բերելուն ուղղված։
- Մասնագիտական այս գնահատումները հիմնավորող վիճակագրական համեմատականը բերված է 2019թ․ ցուցանիշներով, երբ դեռ չկային COVID-19 համավարակի և 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքները։ Մասնավորապես․
- 2019թ․ Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 13,6 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ Ադրբեջանի ՀՆԱ-ն 48,05 միլիարդ ԱՄՆ դոլար՝ 3,5 անգամ ավել,
- անկախացումից հետո Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդհանուր ներդրումների մաքուր պաշարները կազմում են շուրջ 5,9 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ճիշտ այնքան, որքան կազմում է Ադրբեջանի մեկ տարվա զուտ արտահանումը (արտաքին առևտրի դրական հաշվեմնացորդը),
- 2019թ․ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը կազմել է ընդամենը 100 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Ադրբեջանում՝ 15 անգամ ավել, Վրաստանում էլ՝ 5 անգամ ավել։
- Քաղաքական խորացող անկայունությունը, տնտեսական վերականգնման ոչ բավարար տեմպը, ահագնացող գնաճը, գործազրկության և աղքատության բարձր մակարդակը, արտագաղթի նոր ալիքը, անվտանգային բարձր ռիսկերը, անհրաժեշտ սահմանափակումների գործուն համակարգի բացակայությունը, հատկապես՝ այդ երկրների հետ սահմանամերձ բնակավայրերում էապես մեծացնում են ՀՀ տարածքում հողի սեփականության հասանելիությունը թուրք-ադրբեջանական կապիտալի համար։
- Պարզ ասած՝ թուրք-ադրբեջանական տանդեմը իր նավթադոլարներով «փողախեղտ» կանի Հայաստանի տնտեսությունը՝ այն դնելով իրենից անդառնալի կախվածության մեջ։ Օրինակ՝ մեկ տարում արտահանվող ադրբեջանական նավթի հասույթի մեկ-երրորդով կամ զուտ արտահանման հասույթով կարող են տիրանալ Հայաստանի տնտեսության իրական հատվածում նախորդ 30 տարիներին կատարված օտարերկրյա ողջ ներդրումների մաքուր պաշարին։
- Թուրքիայից ներմուծումը տեղական արտադրանքով փոխրինման նպատակադրումը կունենա ճիշտ հակառակ իրական դրսևորումը՝ տեղական արտադրանքը կփոխարինվի թուրքականով և ադրբեջանականով։ Ի դեպ, գործող իշխանություններն այս նպատակադրումը ողջ ուժով հիմնավորում և պարծենում էին 2020թ․ հոկտեմբերին, երբ օբյեկտիվորեն արգելեցին թուրքական ապրանքների ներմուծումը։ Ավելին՝ թուրք-ադրբեջանական ներմուծումով տեղական արտադրանքի փոխարինումը հանգեցնելու է․
- համապատասխան ճյուղերում տեղական արտադրության ծավալների շարունակական նվազման և վերացման,
- ներմուծման ծավալների շարունակական աճի,
- մեր երկրից պահուստային արտարժույթի արտահոսքի,
- ազգային արժույթի արժեզրկման և նոր գնաճային ճնշումներ,
- տնտեսական անվտանգության իրական նոր մարտահրավերների, որոնց մի մասին վաղուց բախվել են թուրքական տնտեսական էկսպանսիայի ենթարկվող երկրները։
- Առաջնային և կործանարար հարված է լինելու մեր երկրի գյուղատնտեսության, հատկապես՝ ջերմոցային տնտեսության, տեքստիլ և մշակող արդյունաբերության ճյուղերի համար։
- Փաստորեն․
- 44-օրյա պատերազմից և Հայաստանի իշխանությունների խայտառակ պարտությունից հետո թուրք-ադրբեջանական ռազմական ներխուժումը մտել է պասիվ փուլ,
- Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները պատերազմի իրական սպառնալիքը դարձրել են ստեղծված իրավիճակում Հայաստանից առավելագույնը կորզելու և արդեն տնտեսական ու դիվանագիտական ոլորտներում ազգային շահերը միակողմանիորեն զիջելու պարտադրանք,
- Հայաստանի իշխանություններն էլ երկրի տնտեսական ռազմավարական շահերի զիջումն իրականացնում են ապաշրջափակման կեղծ քողի տակ՝ տնտեսական ռազմավարական շահերի զիջումների դիմաց լավագույն դեպքում ակնկալելով կարճաժամկետ տնտեսական որոշ արդյունքներ։