00:00:00

Հայաստանը վստահելի եւ արժեքավոր գործընկեր է․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

01:33, 23 հոկտեմբեր 2021 Հասարակություն

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանի, Սարգիս Խանդանյանի, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանի եւ պատվիրակության անդամներ Արուսյակ Ջուլհակյանի, Աննա Գրիգորյանի հետ ընդունել ենք Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը: Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, հետպատերազմյան իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաեւ միջազգային խաղաղարար ուժերի կազմում հայկական զորամիավորումների մասնակցությանը վերաբերող հարցեր: Ողջունելով հյուրերին`շնորհավորել եմ Խավիեր Կոլոմինա Պիրիզին պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ: Արդյունավետ եմ գնահատել Հայաստան-ՆԱՏՕ տարբեր ձեւաչափերով համագործակցությունը եւ ընդգծել, որ կողմերի միջեւ ավելի է ընդլայնվել առկա քաղաքական երկխոսությունը: Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են փոխգործակցության խորացմանը: ԱԺ գործընկերներիս հետ մտահոգություն ենք հայտնել Արցախյան երկրորդ պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Սիրիայից պատերազմական գործողությունների վայր ահաբեկիչների տեղափոխմանն աջակցելու վերաբերյալ: Նշվել է, որ ահաբեկչական այդ ուժերի գոյության փաստը հաստատել են թե’ Ֆրանսիայի նախագահը, թե’ Ռուսաստանի անվտանգության դաշնային հատուկ ծառայությունները, եւ թե’ Միացյալ Նահանգները: 44-օրյա պատերազմում Թուրքիայի գործուն մասնակցության վերաբերյալ մեր երկրի կողմից ձեռքբերված տեղեկատվությունը Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին: Խավիեր Պիրիզը նշել է, որ Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան այցի նպատակն է ծանոթանալ տարածաշրջանում առկա իրավիճակին: «Հայաստանը վստահելի եւ արժեքավոր գործընկեր է, եւ մենք պետք է միասին աշխատենք մի շարք ծրագրերի իրականացման շուրջ»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: Նա շնորհակալություն է հայտնել Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող ուժերի կազմում հայկական զորախմբերի մասնակցության համար: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: Նշել եմ, որ Հայաստանը պատրաստ է անել գործուն քայլեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար, սակայն ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք, Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց առկայությունը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանը: Այս համատեքստում Խավիեր Կոլոմինա Պիրիզը նշել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրների կարգավորմանը: Հանդիպմանը քննարկվել են նաեւ կողմերի միջեւ իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններին առնչվող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր