Գյումրու քաղաքապետի ընտրություններում իմ շանսերը շատ բարձր եմ գնահատում: Այս մասին քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Արտյոմ Ղուկասյանը.
«Հանրապետական կուսակցությունը լայն ներկայացվածություն ունի Գյումրիում, մեծ թիմ ունի այստեղ, որն էլ մեկ մարդու նման աշխատում էր քարոզարշավի ընթացքում: Կարծում եմ՝ արդյունավետ ենք կատարել մեր աշխատանքը ու կստանանք լավ արդյունք»,-ասաց թեկնածուն:
ՀՀԿ-ական թեկնածուն նշեց, որ այս ընթացքում բազմիցս շփվել են բնակիչների հետ և ստացել են միայն բարյացական վերաբերմունք իրենց նկատմամբ.
«Մենք շրջել ենք փողոցներով, թաղերով, ներկայացել ենք, որ ՀՀԿ-ի թեկնածու ենք, բայց որևէ մեկը վատ վերաբերմունք ցույց չի տվել»,-ասաց թեկնածուն և հավելեց, որ հանրության մոտ սստեղծված մթնոլորտի հետ պետք է շատ աշխատել.
«Այնպիսի մի արատավոր մթնոլորտ մտցրեցին ժողովրդի մեջ` ատելություն մեկը մյուսի հանդեպ, որ չգիտես` ինչ հարցեր լուծվեց դրանով: Իմ ցանկությունն է, որ այդ ատելությունը մի քիչ թուլանա ժողովրդի մեջ»,-ասաց Արտյոմ Ղուկասյանը:
Վերջինս բացառեց համագործակցությունը ՔՊ-ի հետ.
«Դաշտում հայտնվել են ուժեր, որոնք ՔՊ-ի «սատելիտներն» են, բնականաբար, չենք համագործակցի նրանց հետ»,-ասաց Արտյոմ Ղուկասյանը: