44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո չպետք է ընկճվենք, սխալվում են բոլոր նրանք, ովքեր ասում են, որ զինվորները այլևս բարձր մարտական ոգի չունեն, հակառակորդի շարժը մեզ համար տեսանելի է, ցանկացած սադրանքի դեպքում կլռեցվեն։ Այս մասին ՀՀ սահմանի արևելյան հատվածի դիրքերից մեկում Tert.am-ի հետ զրույցում ասացին մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները։

«Իրավիճակն այս պահին կայուն է, վերջին 5-6 օրվա ընթացքում հրադադարի խախտման դեպքեր չեն գրանցվել, երբեմն լինում է, որ օդ են կրակում»,-մանրամասնեց կապիտան Գուրգեն Համբարձումյանը։

ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանի խոսքով էլ՝ թշնամին նույնն է, չի փոխվել։

«Երկրորդ բանակային կորպուսը պատրաստ է կատարել իր առջեւ դրված բոլոր խնդիրները: Դա ապացուցվել է 44-օրյա պատերազմի ընթացքում և այժմ: Կորպուսը ի վիճակի է չեզոքացնել հակառակորդի ցանկացած սադրանք»,-վստահեցրեց նա։

Գնդապետը նաև հիշեցրեց՝ 44-օրյա պատերազմի հետևանքով սահմանագիծը փոխվել է: Կորպուսը նոր գիծ է զբաղեցրել։

«Կահավորվում են նոր դիրքերը, լուծվում են ծառայողների առօրյա խնդիրները: Քարե տներ են կառուցվում, ապահովվում են ճանապարհներն ու կապի գծերը: Ձմռան նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են»,-ասաց նա։

Մանրամասները ՝ տեսանյութում։