Արմատական ​​«Թալիբան» շարժումը խոստացել է շուտով թույլ տալ Աֆղանստանում աղջիկներին հաճախել միջնակարգ դպրոցներ: Ինչպես հաղորդել է Associated Press լրատվական գործակալությունը, այս մասին ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Օմար Աբդին, որն անցյալ շաբաթ այցելել էր Քաբուլ, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

Աբդիի խոսքով՝ թալիբների կողմից նշանակված կրթության նախարարն իրեն հավաստիացրել է, որ թալիբներն աշխատում են «շրջանակային սկզբունքների» վրա՝ բոլոր աղջիկներին թույլ տալու շարունակել ուսումը վեցերորդ դասարանից հետո. որոշումը  հրապարակվելու է մեկից երկու ամսվա ընթացքում:

 

«Այժմ, երբ խոսում եմ ձեզ հետ, միջնակարգ դպրոցի միլիոնավոր աղջիկներ 27-րդ օրն անընդմեջ կրթություն չեն ստանում», — գործակալությունը մեջբերում է Աբդիի խոսքերը: «Ամեն օր, երբ սպասում ենք, կորած օր է դպրոց չհաճախող աղջիկների համար», — ավելացրել է նա:

Աբդին նաեւ նշել է, որ Աֆղանստանի 34 նահանգներից հինգը` Բալխը, Ջաուզջանը, Սամանգանը, Քունդուզը եւ Ուրուզգանը, արդեն թույլատրել են աղջիկներին միջնակարգ դպրոց հաճախել: