00:00:00

Ադրբեջանը սահմանային դեպքերի միջոցով փորձում է ծածկել նաև սեփական զինվորների միջև տարաձայնությունները՝ գցելով դրանք հայկական կողմի գրպանը. փորձագետ

00:57, 16 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Ադրբեջանի մոտ թիրախային լուրջ աշխատանք է տարվում։ Առաջին հերթին ռուս խաղաղապահների դերը թուլացնելու ուղղությամբ, և Արցախի բնակչության մոտ վախի մթնոլորտ առաջացնելու ուղղությամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։ Վերջինս նշեց, որ երեկ՝ նախքան Արցախում սահմանային բախումը, ադրբեջանական կողմը հայտարարություն էր տարածել, թե հայ դիպուկահարի կողմից սպանվել է 19-ամյա տղա։ Դրանից ժամեր անց տեղի ունեցան արդեն հայտնի դեպքերը։ Փորձագետը նկատեց՝ ադրբեջանական բանակում բազմաթիվ խնդիրներ կան, միջէթնիկական հարաբերությունները լարված են. «Ինչքան էլ փորձեն թաքցնել այդ լարումը, բայց ակնհայտ է, որ միջդիրքային հատվածում կրակոցներ եղել են և դրանք միջանձնային բախման հետևանք են։ Դա խոսում է այն մասին, որ ադրբեջանական բանակում միջանձնային անհամաձայնությունն առկա է։ Թե ինչ խնդիրներ են, դժվար է այս պահին հստակ տեղեկություն ունենալ, քանի որ ներքին են»,-նշեց Գառնիկ Դավթյանը։ Նրա խոսքով ադրբեջանական կողմը սահմանային այս դեպքերով մի քանի խնդիր է կատարում։ Նախ` ծածկում է սեփական զինվորների միջև տարաձայնությունը՝ դա նետելով հայկական կողմի գրպանը, թե, իբր, հայերն են սպանել։ Բացի այդ՝ նպատակ ունի ռուսական խաղաղապահների դերը նվազեցնել, որ արցախահայությունն էլ անկայունության պատճառով լքի Արցախի տարածքը։ «Շատ կարևոր է, որ հայկական կողմն ադրբեջանական ագրեսիային համաչափ և ավելի դաժան պատասխան տա, գոնե հայտարարությունների տեսքով, որ ռուսներն էլ կարողանան իրենց դերակատարությունը լիարժեք կատարել, սակայն նման բան չենք տեսնում։ Տեղեկությունը ստացանք ֆեյսբուքյան հարթակներից, հետո ուշացումով ԱՀ-ի համապատասխան մարմինները հայտարարություն տարածեցին, հետո մեզ մոտ։ Ստացվում է՝ այնքան ուշացած ենք նման խնդիրներին անդրադառնում, որ կարևորությունը կորում է։ Հետևաբար ռուսական կողմը, երբ նման օրինակները տեսնում է, չի կարողանում լիարժեք վստահ լինել, որ հայկական կողմը հետագա քայլերում կպաշտպանի ռուսական կողմին։ Եղել են դեպքեր, երբ ռուս-հայկական ընդհանուր դիրքորոշում է եղել ինչ-որ խնդրի շուրջ, բայց երբ հանդիպել են թուրքական կամ ադրբեջանական կողմին, հայկական կողմը դրանից շեղվել է։ Այսինքն` այդ վստահությունը հայկական կողմի նկատմամբ լիարժեք չէ»,-ասաց Գառնիկ Դավթյանը։ Վերջինս ընդգծեց՝ դրա համար է ռուսական կողմն առաջին հերթին հաշվի նստում ադրբեջանցիների հետ, իսկ հետո հայերի։ Հայկական կողմն ուղղակի սպասում է արևմուտքի կողմից ինչ-որ արձագանքների, բայց ոչինչ չի անում ո՛չ քաղաքական հայտարարությունների տեսքով, ո՛չ էլ ռազմական գործողությունների։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր