00:00:00

Երեխաների աչքի առաջ բռնի ուժով հորը բերման ենթարկելուց հետո 3-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց. մանրամասներ դեպքից

17:20, 14 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Ոստիկանների կողմից երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Կուրղինյան 3/15 հասցեում երեխաների ներկայությամբ քաղաքացի Վազգեն Ռաֆայելյանին բռնի ուժով բերման ենթարկելուց հետո նրա 3-ամյա երեխային ցնցումներով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բկ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռաֆալելյանի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը։ «Երեխային ցնցումներով տեղափոխել են հիվանդանոց, ներարկում են արել, դեղեր են նշանակել, երեխայի այս վիճակը ոստիկանների գրոհի արդյունքում է եղել։ Բժիշկներն ասում են՝ սթրեսի արդյունք է։ Դիմել ենք նաեւ հոգեբանի»,- ասաց փաստաբանը։ Մարտիրոսյանը ներկայացրեց, թե որն էր ոստիկանների նման գործողությունների պատճառը. «Անձն ինքնակամ կառույց է կառուցել։ Դատարանի բոլոր որոշումները կան, կա հարուցված գործ այդ կառույցի օրինականացման վերաբերյալ։ Քանդման որոշումը եւս վիճարկված էր։ Մոտենում են երեկվա կայացված ինչ-որ որոշմամբ, ես որպես փաստաբան՝ հորդորում եմ, բացատրում եմ, որ չիրականացնեն գործողություններ, որովհետեւ օրենքով մենք պաշտպանված ենք, եւ իրենք գործողություններ կատարելու իրավունք չունեն։ Իմ բոլոր բացատրությունները փաստաթղթավորված էին, որեւէ բանի տեղ չանցավ ու անցան բիրտ գործողությունների։ Քաշելով, հայհոյելով, գետնին գցելով, ձեռնաշղթաներ հագցնելով եւ այդ բոլորը երեխաների աչքի առաջ, երեխաների տնկած ծաղիկներն անգամ կոշով բարձրացնում էին ու թափում, վայրագության հասնող վարքագծով քանդեցին շինությունը։ Երեխաները փախել էին դաշտերի մեջ, չգիտեմ՝ հետո ինչպես են գտել»։ Փաստաբանը նշեց, որ քանդման այդ որոշումը վիճարկելու են Վարչական դատարան, իսկ ոստիկանների այդ գործողությունների դեպքով հաղորդում են ներկայացրել ՀՔԾ. «Առաջինը՝ երեխաների ներկայությամբ այդ դաժան վարքագիծն իրենց հոր նկատմամբ, այդքան հայհոյանքներ, ծեծ, անհամաչափ ուժի կիրառում, երկրորդը՝ երեխաների իրավունքների պաշտպանությունը, ես արդեն դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ՀՔԾ ներկայացրել եմ հաղորդում, մյուս մասով էլ Վարչական դատարանում կվիճարկվի նրանց գործողությունները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր