Կոնգրեսի երկու անդամներ երեքշաբթի տարհանման թեժ պահին անակնկալ թռել են Քաբուլի օդանավակայան` ապշեցնելով Պետդեպարտամենտի եւ ԱՄՆ-ի զինծառայողներին, ովքեր ստիպված են շտապ միջոցներ հավաքել իրենց անվտանգությունն ապահովելու համար, հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով` Մասաչուսեթսի նահանգից Ներկայացուցիչների պալատի անդամ Սեթ Մոուլթոնը եւ Միչիգան նահանգից Փիթեր Մեյջորը թռել են չարտերային ինքնաթիռներով եւ մի քանի ժամ գտնվել են Քաբուլի օդանավակայանում:
Հաղորդվում է, որ Կոնգրեսականները, ովքեր նախկինում ծառայել են Իրաքում ամերիկյան զորքերի հետ, ոչ ոքի չէին պատմել իրենց պլանների մասին:
«Որպես Կոնգրեսի անդամներ, մեր պարտականությունն է ստուգել գործադիր իշխանության աշխատանքը: Մենք այս այցը կատարեցինք գաղտնի` դրա մասին պատմելով միայն մեկնելուց հետո, որպեսզի նվազագույնի հասցնենք ռիսկերը եւ խափանումները մարդկանց աշխատանքներում: Բացի այդ, մենք այնտեղ էինք տեղեկատվություն հավաքելու, այլ ոչ թե ամբիոնից խոսելու համար»,- հայտնել են քաղաքական գործիչները համատեղ հայտարարության մեջ:
Աղբյուրների տվյալներով` Պետդեպարտամենտի, Պենտագոնի եւ Սպիտակ տան պաշտոնյաները չափազանց զայրացած են միջադեպի կապակցությամբ: