Շրջակա միջավայր նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․
«Ի պատասխան «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի արդեն նախկին տնօրեն Մեխակ Սայադյանի՝ տարբեր լրատվամիջոցներով տարածած պնդումների, թե իրեն աշխատանքից ազատելը քաղաքական ենթատեքստ ունի և որ ինքը մեկ տարի շարունակ հետապնդվել է նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը։
Պարոն Մեխակ Սայադյանին հորդորում ենք զերծ մնալ տեղեկատվական սադրանքների դիմելուց և այդ կերպ ապատեղեկատվություն տարածելուց:
Այսպես, սույն թվականի օգոստոսի 16-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Ա. Հակոբյանի 230-Ա հրամանով` ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 122-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքերով և հիմք ընդունելով շրջակա միջավայրի նախարարի2020 թվականի հոկտեմբերի 2-ի N 378-Լ հրամանի հավելվածի 39-րդ կետը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնում 14․07․2021 թ․ N 08/085/21 ՎՎՀ վարչական վարույթով արձանագրված խախտումների մասին նյութերը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի 05․08․2021 թ․-ի թիվ 23-226 գրությունը և Մեխակ Սայադյանի 12․08․2021թ․ բացատրությունը, Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով լուծվել է 2006 թ․ հունվարի 4-ին շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի և և Իջևանի «Դենդրոպարկ» հիմնարկի տնօրեն Մեխակ Սայադյանի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը։