00:00:00

Փորձագետները Եվրոպայում աննախադեպ շոգ են կանխատեսում

00:11, 21 օգոստոս 2021 Հասարակություն

Ջերմության ալիքները դառնում են ավելի ու ավելի հաճախակի եւ ինտենսիվ աշխարհի շատ մասերում։ Խնդիրը խորանում է Երկրի վրա հետագա ջերմացման ֆոնին, «Իզվեստիա»-ին ասել է Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների եվրոպական կենտրոնին (ECMWF) կից կլիմայի փոփոխության վերահսկման «Կոպեռնիկոս» ծառայության ավագ գիտաշխատող Ֆրեյա Վամբորգը։ Փորձագետները աննախադեպ շոգ են կանխատեսում, մասնավորապես, Եվրոպայում։ Եվրոպացիները պետք է պատրաստվեն այն բանին, որ ապագայում օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 50-ը, պարբերականին տեղեկացրել են Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունում (ՀՕԿ)։ Եվրահանձնաժողովում, իրենց հերթին, նշել են, որ Կլիմայի փոփոխության գծով Միջկառավարական խմբի փորձագետների վերջերս տրված հաշվետվությունը հաստատել է Երկրի սրընթաց ջերմացումը մարդկային ազդեցության պատճառով։ «Անհրաժեշտ է կրճատել CO2-ի եւ այլ ջերմոցային գազերի (ինչպիսին է մեթանը) արտանետումները, ինչպես նաեւ ակտիվացնել անտառների եւ օվկիանոսների պաշտպանությանն ուղղված գործողությունները։ Միայն այդպիսի միջոցներ ձեռնարկելով կարելի կլինի կանգնեցնել գլոբալ ջերմացումը»,- ընդգծել են կազմակերպության մամուլի ծառայությունում։ Այնտեղ ավելացրել են, որ 2021թ. նոյեմբերին Գլազգոյում տեղի կունենա ՄԱԿ շրջանակային կոնվենցիայի 26-րդ գիտաժողովը կլիմայի փոփոխության մասին։ Ավելի քան 50 երկրների, այդ թվում Ռուսաստանի ներկայացուցիչները կքննարկեն կլիմայի փոփոխությունների հետեւանքների դեմ պայքարի միջոցները։ Ավելի վաղ օգոստոսին Եվրոպայում ջերմաստիճանը գերազանցել էր 44-ամյա վաղեմության ռեկորդը՝ հասնելով մոտ 49 աստիճանի։ Օգոստոսի 11-ին Սիցիլիայի Սիրակուզա քաղաքում գրանցվել է 48,8 աստիճան ջերմություն։ Այդ օրվա համար նախորդ ռեկորդը՝ 48 աստիճան, գրանցվել էր Աթենքում 1977թ.։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր