00:00:00

Պաշտոնյաների թռիչքներին, մեկ անձից կատարվող գնումներին վերաբերող տեղեկությունները ևս կարգելափակվեն

22:09, 03 հուլիս 2021

Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը պետական պաշտոնյաների օտարերկրյա գործուղումների մասին տեղեկությունը արգելափակելուց զատ, նպատակ ունի նաև հանրության համար արգելափակել պետական աշխատակիցների թռիչքների վերաբերյալ հաշվետվությունը և մեկ անձից կատարվող գնումների հաշվետվությունների որոշ տվյալներ: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հուլիսի 2-ին ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից ներկայացվել է «ՀՀ կառավարության 2012թ. օգոստոսի 30-ի N 1104-Ն և ՀՀ կառավարության 2016թ. սեպտեմբերի 22-ի N 982-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով հայտնել է, թե ԲՏԱ նախարարությունը նախաձեռնել է վերհանել e-gov.am և govtravel.am կայքում առկա զգայուն և ռիսկային տեղեկատվությունը, իսկի վերհանումից և հստակեցումից հետո իրականացրել է փոփոխություն հիշյալ տեղեկատվությունն արգելափակելու համար: Նախագծի հիմնավորումներում նշված է, թե ԲՏԱ նախարարությունը, համագործակցելով ԱԱԾ-ի հետ, ուսումնասիրել է  e-gov.am և govtravel.am կայքում ներկայացված զգայուն և ռիսկային տեղեկատվությունը: Նախագծով կայացվել է որոշում մեկ անձից իրականացված գնումների հաշվետվություններում գնման առարկան, կատարման հիմքը, գնման պահանջի ծագման հիմքը և ամբողջական պայմանագրի պատճենը հեռացնել e-gov.am կայքից, քանի որ ԲՏԱ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում դրանք համարվել են ռիսկային տվյալներ: Սրանից զատ, նախատեսվում է e-gov.am կայքից ամբողջապես հեռացնել արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը՝ «ելնելով դրա կառուցվածքում ներկայացվող զգայուն տեղեկատվությունից (օբյեկտների հասցեներ, կազմակերպա-իրավական ձև, համարակալում և այլն)»: Այս նախագծով e-gov.am կայքից կհեռացվի նաև օգտակար հանածոների և ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման ու երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների անվանման, գործունեության հասցեների, թույլտվության, պայմանագրի տրման համարները և մնացյալ ամբողջ տեղեկատվությունը: ԲՏԱ նախարարությունն այս տեղեկատվությունը ևս համարում է ռիսկային և զգայուն՝ «ի վնաս ՀՀ պետական շահի տարբեր տնտեսական և քաղաքական վերլուծություններ իրականացնելու տեսանկյունից»: Այս նախագծով հանրությունը նաև չի կարողանա gov.travel.am կայքից տեղեկություն ստանալ պետական աշխատակիցների թռիչքների վերաբերյալ: Այդ թռիչքների վերաբերյալ հաշվետվությունը, ըստ հեղինակների, իր մեջ պարունակում է թռիչքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, համարվում է զգայուն տվյալ՝ պայմանավորված առկա կիբեռ ռիսկերով: gov.travel.am կայքից կհեռացվեն  ավիափոխադրողների, չվերթերի, ամրագրման կոդերի, ուղևորների քանակի, ընդհանուր կարգից շեղվելու դեպքում պատվիրատուի նշված հիմնավորման, արժեքի, Ազգային անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց և ՀՀ Կառավարության առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից գնված ավիատոմսերի վերաբերյալ տեղեկատվությունը: «Որոշումներում փոփոխությունները նպատակ ունեն կանխել վերջին պատերազմով պայմանավորված անձնական և պետական տվյալների արտահոսքի հետ կապված առաջացած նոր ռիսկերը, ինչպես նաև թույլ չտալ այդ տեղեկատվությունը օգտագործել տնտեսական և քաղաքական վերլուծություններում ի վնաս ՀՀ պետական շահի: Տեղեկատվությանը հնարավոր կլինի ապահովել հասանելիություն լրացուցիչ հարցման միջոցով՝ տրամադրման անհրաժեշտության և նպատակների վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ ներկայացնելու դեպքում»,- նշված է նախագծի բնութագրությունում: 168.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր