44-օրյա պատերազմում անմահացած Բաբկեն Գրիգորյանն այսօր կդառնար 30 տարեկան: Բաբկենը ծնվել է Երևանում: Սովորել էր Երևանի թիվ 147 հիմնական դպրոցում, որը Ապրիլյան պատերազմից հետո վերանվանվել էր Արցախի հեոս Ռոբերտ Աբաջյանի անունով:
Բաբկենը մանկուց ֆուտբոլի սիրահար էր, երազում էր հայտն ֆուտբոլիստ դառնալու մասին ու գնաց իր երազանքի հետևից: Դեռևս դպրոցական տարիներից` մինչև 2008-ը` «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի դարպասապահն էր, ապա շուրջ երկու տարի «Գանձասար» ֆուտբոլային ակումբում դարպասապահ է եղել, իսկ 2011-2013թթ.Ալաշկերտ ֆուտբոլային ակումբում կրկին դարպասապահ:
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսներ ֆակուլտետի Ապահովագրական գործ բաժինը, իսկ արդեն 2011-ին մեկնել է ծառայության ՀՀ ԶՈՒ-ում: Ապա ուսումը շարունակել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսներ ֆակուլտետի Ապահովագրական գործ բաժնի մագիստրատուրայում:
2014 թվականից աշխատում էր ապահովագրական ընկերություններից մեկում, որպես վթարային կոմիսար:
2020 թվականի հոկտեմբերի 21-ից Բաբկեն Գրիգորյանը մեկնում է Արցախ, որպես կամավորական պաշտպանելու հայրենքիը: Բաբկենը ջոկի հրամանատար էր:
Օրեր շարունակ կենաց մահու կռիվ է տվել թշնամու դեմ: Մասնակցել է նոյեմբերի 4-ին Լաչինում մղվող համառ մարտերին: Զինակից ընկերների հետ կարողացել են պահել դիրքը, սակայն Բաբկենը փրկելով զինակից ընկերների կյանքն անմահացավ:
Բաբկեն ու իր նման հազարավորները, ովքեր դեռ չէին հասցրել հայրանալ, ովքեր բազում երազանքներ ու նպատակներ ունեին, մի կողմ դրեցին իրենց անձնականը ու մեկնեցին պաշտպանելու ամենավեհը` Հայրենիքը:
Հավերժ Փառք ձեզ` Տղերք...