00:00:00

Աշնանը մայրաքաղաքի տրանսպորտը կունենա էլեկտրոնային վճարման համակարգ. Հայկ Մարության (տեսանյութ)

14:52, 02 հուլիս 2021

Համայնքային բյուջեի միջոցներով գնված 100 կոմպակտ դասի նոր ավտոբուսներն արդեն ամբողջությամբ շահագործվում են երևանյան 9 երթուղիներում: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Վերջինս նշել է, որ տրանսպորտային բարեփոխումները գործնական փուլ մտան այս տարեսկզբից։ «Այս պահին շահագործվում է 9 նոր երթուղի: Դրանց մեջ կան երթուղիներ, որոնք արդեն մեկ կամ երկու տարի ընդհանրապես չէին սպասարկվում, քանի որ մասնավորը հրաժարվել էր սպասարկելուց՝ պատճառաբանելով, որ շահութաբեր չի և դա այդպես էր, ու քաղաքը վերցրել է իր վրա այդ հոգսը և սպասարկում է մեր բնակչությանը: Կային նաև գծեր, որոնց սպասարկումը պատշաճ որակի չէր և չէր համապատասխանում մեր սահմանած չափանիշներին, այդտեղ նույնպես փոխարինվել են երթուղիները: Այս պահին այդ 9 երթուղիները համապատասխանում են մեր պատկերացումներին»,- նշել է քաղաքապետը: Ըստ Մարությանի՝ այս աշնանը մայրաքաղաքի տրանսպորտը կունենա նաև էլեկտրոնային վճարման համակարգ ու ավելի մեծ տարողության նոր ավտոբուսներ: Եվս 100 բարձրակարգ ավտոբուս էլ համայնքը նախատեսում է ձեռք բերել հաջորդ տարվա ընթացքում: «Տրանսպորտային համակարգի բարեփոխումներն իրենց հունով գնում են առաջ: Ունենք տարբեր խնդիրներ, որոնց լուծումները հետզհետե տալիս ենք: Առաջինը՝ աշնանն արդեն ցանկանում ենք ներդնել էլեկտրոնային վճարման համակարգը, և այդ համակարգը ներառելու է այս պահին աշխարհում գործող վճարման բոլոր տեսակները: Երկրորդը՝ գիտեք, որ արդեն աշնանը սպասում ենք 211՝ 8.6 մետրանոց ցածր հատակով ավտոբուսներին, որոնք համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին: Դրանց դիմավորելու համար մեզ պետք են կայաններ, որոնք այս պահին կառուցվում են: Խոսքը երկու կայանների մասին է. Ջրվեժինը վերակառուցվում է, երկրորդը Շիրակի փողոցում է, որը զրոյից կառուցվելու է»,- ընդգծել է Հայկ Մարությանը: «Ժոնգտոնգ» գործարանում էլ մասնագետները աշխատում են, որպեսզի 211 նոր ավտոբուսները ժամանակին հասնեն Երևան: Դրանք աշխատելու են CNG շարժիչներով՝ բնական գազով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր