00:00:00

Ո՞վ կդառնա ԱԺ նախագահ․ ինչ փոփոխություններ է նախատեսում Փաշինյանը

12:49, 02 հուլիս 2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում անհամբեր սպասում են վարչության նիստին, որի ընթացքում որոշվելու է, թե ով ինչ պաշտոնի է նշանակվելու։ Արտահերթ ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստանալուց հետո իշխանությունը երկրի կառավարելու միանձնյա մանդատ է ստացել։ Հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը գործադիրի անդամներին սեփական թիմակիցներից է նշանակելու։ Երեկ կադրային առաջին փոփոխությունները կատարվեցին։ Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանը նշանակվեց Կառավարության աշխատակազմի ղեկավար, փոխարինելով Արսեն Թորոսյանին։ Վերջինս կտեղափոխվի խորհրդարան։ Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ կառավարության գործող կազմում էական փոփոխություններ չեն լինելու։ Այս պահի դրությամբ հստակ է, որ գործող փոխվարչապետեր Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը չեն վերանշանակվի։ Տեղեկությունների համաձայն Մհեր Գրիգորյանը կնշանակվի ԱԳ նախարար, իսկ Տիգրան Ավինյանը, ով անգամ ՔՊ նախընտրական ցուցակում չկար այս պահին «թայմ աութ» կվերցնի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն ամենայն հավանականությամբ կնշանակվի փոխվարչապետ։ Փոխվարչապետի պաշտոնին է հավակնում նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի պաշտոնին, ապա երկու հիմնական թեկնածուի անուն է շրջանառվում՝ Արարատ Միրզոյան և Ալեն Սիմոնյան։ Ի տարբերություն Արարատ Միրզոյանի, ով նոյեմբերի 9-ի հայտնի իրադարձություններից հետո թիմից «անջատվել» էր և հրապարակային հայտարարություններով հանդես չէր գալիս ու չէր սատարում թիմակիցներին, բավականին ակտիվ էր փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Նա ակտիվորեն պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին ու ուղեկցում նրան բոլոր այցերում։ Քարոզարշավի ժամանակ ևս Ալեն Սիմոնյանին մշտապես կարելի էր տեսնել Նիկոլ Փաշինյանի կողքին։ Եվ հետո Արարատ Միրզոյանի՝ «թուրքական ագենտ» լինելու հանգամանքը լրջագույն խնդիր կարող է լինել հատկապես միջազգային կառույցների հետ հարաբերություններում և հետևաբար չի բացառվում, որ 8-րդ գումարման ԱԺ-ի նախագահ ընտրվի Ալեն Սիմոնյանը։ Իհարկե վերջնական որոշումը Նիկոլ Փաշինյանն է կայացնելու։ Մենք տեղեկացանք, որ կադրային նշանակումների հարցում Փաշինյանի թիմակիցների հետ չի խորհրդակցում։ Նոր նշանակումների, ազատումների  և հնարավոր վերադասավորումների մասին ՔՊ-ականները, Արմեն Սարգսյանի օրինակով տեղեկանում են կամ մամուլից, կամ որոշման ընդունումից հետո։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր