«Ես ոչ մի տրամաբանություն չեմ տեսնում արտահերթ ընտրություններ դիտարկելու, մանավանդ, որ ընտրությունները նոր են ավարտվել ու միջազգային դիտորդների գնահատմամբ՝ անցել են թափանցիկ ու արդար, հասկանալի չէ նման դիտարկումը: Այլ հարց է, որ մարդիկ իրենց որոշակի թիմը պահելու խնդիր ունեն եւ հայտարարում են՝ չցրվեք, մենք դեռ գալու ենք իշխանության, նման մտավախություններն են, որ նման կանխատեսումների առիթ են տալիս»,-Irakanum.am-ին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ մեկնաբանելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումը, թե մեկուկես տարի հետո կրկին արտահերթ ընտրությունների պահանջ է առաջանալու:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն դիտարկմանը, թե «Մենք այս իշխանություններին հանգիստ չենք թողնի, քանի որ նրանք չեն հասկանում եւ չեն ընդունում իրենց մեղքը: Մենք ցույց կտանք, թե ով է մեղավոր, եւ ով պետք է պատասխանատվության ենթարկվի»՝ Սերգեյ Բագրատյանը շարունակեց. «Ցավում եմ՝ ընդդիմությունը, այդ թվում՝ Քոչարյանը, չեն հասկացել, որ ժողովուրդն այլեւս առաջվանը չէ, իրենց քվեարկույամբ մերժել են իրենց իշխանություն տալու որեւէ հնարավորություն: Այսինքն, ժողովուրդը պարզ ու հստակ արտահայտվել է, որ այլեւս նախկին իշխանություններ չեն կարող իշխանության գալ, ու սա շատ հստակ է: Եթե իրենք լավ չեն հասկացել ժողովրդի ուղերձը, դա չի նշանակում, որ իշխանությունը լավ չի հասկացել: Ժողովուրդը շատ հստակ իր գնահատականը տվել է ընդդիմությանը, նրանք դրանից պետք է դասեր քաղեն ու սովորեն ժողովրդի հետ աշխատել, ոչ թե ինչպես իրենք են արտահայտվում՝ ժողովրդին աշխատեցնել»:
Ինչ վերաբերում է 2-րդ նախագահի դիտարկմանը, թե իրենք կվերականգնեն հավատը խորհրդարանական ընդդիմության նկատմամբ, որը խափանվել է վերջին մի քանի տարիների ընթացքում մի շարք գործարքների արդյունքում, մեր զրուցակիցը նկատեց. «ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն որեւէ գործարքի չեն գնացել իշխանության հետ, այն կարծիքը, որ նոր ընդդիմությունն ավելի արմատական ընդդիմություն է, ինձ համար առնվազն լոււրջ չէ, ես կարծում եմ ՝ գաղափարական հենք չունեցող ընդդիմություն է, սա շահի վրա հիմնված ծրագիր է, ոչ թե կուսակցություն»:
Մեր զրուցակիցը նաեւ նկատեց, որ իշխանությունը քաղաքականության կտրուկ փոփոխության անհրաժեշտություն չունի, ինչպես կարծում է Ռոբերտ Քոչարյանը. «Քաղաքագիտության պարզագույն իմացության դեպքում իրենք կհասկանային, որ եթե ժողովուրդը 50 տոկոսից ավելի քաղաքական ուժի ծրագրին ձայն էտալիս, դա բացարձակ արժեք է, այդ դեպքում անլուրջ կլինի, որ քաղաքական ուժը, որը ստացել է 50 տոկոսից ավելի քվե, քաղաքական կուրս փոխի: Ինքը պետք է հասկանա, որ իր հասկացած քաղաքականությունը մնացել է 20-րդ դարում»:
ԱԺ իմքայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց․ «Քոչարյանի հավաքին ասված տեքստը իր թիմակիցներին հերթական հույս տալու փորձն է, հերթական փորձն է քաղաքական կյանքում ստեղծել կեղծ իրականություն իրենց դերի, կշռի եւ նշանակության մասին, այսինքն՝ նրանք ստեղծեցին կեղծ իրականություն՝ իրենց շուրջ համախմբելով ինչ-որ մարդկանց, որոնք ծառայություններ մատուցեցին քարոզարշավից առաջ ու քարոզարշավի ընթացքում, ընտրություններին գնացին, տապալվեցին, բոլորի համար ակնհայտ էր, որ ամբաստանյալը տարրական կեղծքիի ու ստի միջոցով էր մարդկանց իր շուրջ համախմբել, հիմա էլ նույն բանն են ուզում անել, կրկին հույս տալ իրենց շուրջ համախմբված մարդկանց, որ դեռ ինչ-որ բան հնարավոր է, բայց սա հերթական անգամ սեփական թիմին խաբելու փորձն է »։
Անդրադառնալով Քոչարյանի մատնանշած ելքերին, թե իշխանությունը երկու ելք ունի կամ շարունակել ընդդիմության հետապնդումները եւ Անկարայի ու Բաքվի շահերից բխող քայլեր ձեռնարկել, կամ կտրուկ փոխել քաղաքականությունը, Արթուր Հովհաննիսյանը շարունակեց. «Նախ Քոչարյանն իր կշռով, արած-չարածներով այդքան չկա, որ մեզ ելքեր ցույց տա, մենք մեր անելիքները շատ լավ գիտենք ու մեր քաղաքականության մասին բազմիցս խոսել ենք, մենք գործ ենք անում, ամբաստանյալ Քոչարյանի ու նրա թիմի կողմից հնչեցրած մտքերը մեզ չեն հետաքրքրում: Ինչ վերաբերում է քաղաքականություն փոխելուն՝ իշխանության վարած քաղաքականությունը փոփոխության ենթարկվելու է քարոզարշավի ժամանակ հնչեցրածի տրամաբանության մեջ՝ պողպատյա օրենքի, դիկտատուրայի տրամաբանության մեջ»:
Իսկ արտաքին քաղաքականության մասով ինչ փոփոխություններ են նախատեսվում մեր հարցին ի պատասխան ՝պատգամավորը խորհուրդ տվեց մանրամասն խոսել արտաքին գերատեսչության կամ արտաքին բլոկը ներկայացնող պատգամավորների հետ:
Irakanum.am