ԲՀԿ երիտթևի ղեկավար Աշոտ Անդրեասյանը հերքում է տեղեկություններն այն մասին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զայրացել է իր վրա։ Նշենք, որ մամուլի հրապարակումներից մեի համաձայն այս ընտրություններում պարտություն կրած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ լուրերի, ամենից շատ զայրացած է ԲՀԿ երիտթևի ղեկավար Աշոտ Անդրեասյանի վրա, ով նախընտրական ողջ ընթացքում սոցհարցումներ է արել և Ծառուկյանին վստահեցրել․ «Շեֆ, ամեն ինչ տոչնի ա, անհանգստանալու բան չունենք»։
Irakanum.am-ի հետ զրույցում Աշոտ Անդրեասյանը նշեց․ «Բացառապես իրականությանը չի համապատասխանում։ Մեր ղեկավարը՝ պարոն Ծառուկյանը առհասարակ իմ վրա ջղայնացած չէ։ Մեր աշխատանքները բնականոն շարունակվում են։ Ես պարոն Ծառուկյանի հետ մեր հետագայի հետ կապված շատ անելիքներ եմ քննարկել, շարունակում ենք աշխատել»,- ասաց Անդրեասյանը։
Նա նշեց, որ հրապարակման մեջ տեղ գտած լեքսիկոնն անգամ իրեն չի պատկանում։ «Ես պարոն Ծառուկյանին շեֆ ջան չեմ ասում, ասում եմ պարոն Ծառուկյան, կամ ղեկավար ջան։ Ով, որ այդ սուտը խոսացել է, չգիտեմ, մեր կուսակցությունից են ասել, թե այլ մարդ, բայց սուտ է»,- ասաց ԲՀԿ երիտասարդական թևի ղեկավարը։
Աշոտ Անդրեասյանի խոսքով, իրենք այո սոցհարցումներ իրականացրել են և հրապարակման մեջ տեղ գտած տվյալները ևս կեղծ են։ «Տարբեր ժամանակներ, տարբեր արդյունքներ են եղել։ Վերջին մեր սոցհարցումների արդյունքները եղել են 5-6 տոկոս, ինչը փոխանցել եմ պարոն Ծառուկյանին»,- ասաց նա։
Աշոտ Անդրեասյանն ասաց, որ իրեն հայտնի է, թե ով է այդ կեղծիքները տարածողը։ Այս պահին զերծ կմնա անունը նշելուց, բայց վստահեցնում է, որ հիշյալ անձի մասին ինքը շատ տեղեկությունների է տիրապետում, որոնք եթե հրապարակի, տվյալ անձը պարզապես երկրից պետք է գնա։
Irakanum.am