Հունիսի 29-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճում շարունակվեց Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի 2020-2021 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը, Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Սիրանուշ Մանուկյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողների ծնողներ, հյուրեր։
Շրջանավարտներին ուղղված խոսքում ռեկտոր Գ․ Վարդանյանը նշեց․ «Սիրելի շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ բուհը հաջողությամբ ավարտելու, ինժեների որակավորում ստանալու և պոլիտեխնիկցու բարձր կոչմանն արժանանալու կապակցությամբ։ Այսուհետ մեր հայրենիքում դուք ունեք չափազանց կարևոր առաքելություն՝ մասնագիտական գործունեություն ծավալելու և ինտելեկտուալ քաղաքացիական հասարակություն ձևավորելու գործում։ Սիրելի շրջանավարտներ, այս պահից սկսած դուք համալրեցիք մեր բազմահազար շրջանավարտների մեծ ընտանիքը և հանդես եք գալու որպես Պոլիտեխնիկի դեսպաններ ամբողջ աշխարհում։ Վստահ եմ, որ այդ առաքելությունը պատվով կկատարեք։ Ցանկանում եմ, որ ձեր գործունեության ընթացքում դուք շատ ուշադիր, զգոն և պատրաստված լինեք, որպեսզի այս 88-ամյա հզոր հաստատության պատիվը ամբողջ աշխարհում բարձր պահեք։ Վստահ եմ՝ շատերդ շարունակելու եք կրթությունը Պոլիտեխնիկում և ցանկանում եմ տեսնել ձեզ նաև որպես մեր մեծ ընտանիքում տարբեր աշխատանքների պատասխանատվություն ստանձնած երիտասարդ գործընկերներ։ Վստահ եղեք, որ այդ ճանապարհին մենք ձեր նկատմամբ չափազանց ուշադիր ենք լինելու և կարևորելու ենք շրջանավարտների հետ հետագա աշխատանքը։»,-ասաց ռեկտորը։
Գ․ Վարդանյանը նշեց, նաև, որ, չնայած դժվարություններին, պետք է լինել ամուր, գիտակից, հայրենասեր և մեր հայրենիքը հզորացնելու տրամաբանությամբ լծվել մասնագիտական գործունեության։ «Ձեր մասնագիտական գործունեության որակից է կախված մեր երկրի հզորացումը և տնտեսության զարգացումը»,-եզրափակեց ռեկտորը։
Շրջանավարտներին շնորհավորեց և բարեմաղթանքի իր խոսքն ասաց ՏՀՏԷ ինստիտուտի տնօրեն Ս․ Մանուկյանը․ «Շնորհավորում եմ ձեզ և ձեր ծնողներին այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։ Հավանաբար, մեկ ակնթարթի պես են անցել ձեր ուսումնառության տարիները։ Դրանք լի են եղել անքուն գիշերներով, երբ պատրաստվել եք կուրսային աշխատանքների և քննությունների։ Հուսով եմ, որ ձեր դասախոսներից ստացել եք նաև ջերմություն, որը զինել է ձեզ ոչ միայն գիտելիքներով, այև մարդկային հատկություններով։ Առաջիկայում ձեզանից շատերի հետ մենք կհանդիպենք արդեն որպես գործընկերներ, ովքեր մեծ ներուժ կունենան հետագա ինժեներական սերունդ դաստիարակելու գործում»։ Բարի երթ մաղթելով՝ Ս․ Մանուկյանը երիտասարդներին ցանկացավ հաղթանակներով լի, հետաքրքիր ու բովանդակալից կյանք, անձնական մեծ երջանկություն։ -Ապրեք հզոր, ծաղկող ու խաղաղ երկրում, – մաղթեց Ս․ Մանուկյանը։
Միջոցառումը իրենց երաժշտական համարներով գեղեցկացրեցին «Պոլիտեխնիկ բենդ» համույթի ներկայացուցիչները։
Այսօր ավարտվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի շրջանավարտների դիպլոմների հանձնման երկօրյա արարողությունը։ Ինչպես նշել էինք, բակալավրի կրթական ծրագրով ավարտել է 437, իսկ մագիստրոսական կրթական ծրագրով՝ 164 ուսանող։
Հաջորդող օրերին համալսարանում տեղի կունենան Մեխանիկա մեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի, Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների, Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտների, ինչպես նաև Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի և Քոլեջի ուսանողների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունները։