«Յոթ ամիս է անցել այն օրից, երբ մեր 30-ամյա իրականությունն ամբողջությամբ փոխել է իր կերպարանքը․ ամեն տարվա այս ժամանակաշրջանը Հայաստանի Հանրապետությունում, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների և օտարերկրացիների համար Արցախը բացահայտելու, բնության անապակ մաքրությունը վայելելու, բազմադարյա հայկական ու քրիստոնեական մշակույթին հաղորդակից լինելու ժամանակներ էին։ Պատերազմի մշտական վտանգի տակ ապրող երկիրը միևնույն ժամանակ հոգու հանգստություն էր հաղորդում յուրաքանչյուրին՝ առհավետ կապելով այս հողի հետ», - նշել է Արցախի ՄԻՊ-ը։
Նա ընդգծել է՝ շատ բան է փոխվել ու այսօր Արցախում շատ են դժվարությունները, պատերազմի հետևանքներն Արցախին ինչ-որ առումով զրկել են իր նախկին հմայքից, բայց ոչ երբեք իր իմաստից ու խորը բովանդակությունից։
«Մենք անցել ենք պատերազմի դաժանությունների միջով, 44 օրվա ընթացքում տեսել ու զգացել ենք մարդկային ու անմարդկային բոլոր տառապանքները և, ցավոք, այսօր էլ շարունակում ենք զգալ․․․ Բայց մենք այստեղ ենք՝ նույն տեղում, նորից կանգնելու հույսով․․. Բոլորիդ հետ միասին․․․», - գրել է Ստեփանյանը։
Նա կոչ է արել այցելել Արցախ, այցելել գոնե միայն նրա համար, որ Արցախում ապրող 100 հազար հայերն իրենց մենակ չզգան։
«Ձեր ներկայությամբ դուք գոտեպնդելու և ոգևորելու եք Արցախում ապրող հային, որ Արցախն ընդմիշտ հայկական պահի։
Գիտեմ, որ Արցախ այցելելու հետ կապված անվտանգային առումով մտահոգություններ ունեք, մտահոգություններ ունեք ճանապարհի հետ կապված, որի մի հատվածում ստիպված եք, ցասումը զսպելով, տեսնել գերեվարված Շուշին, դժվարություններ կան Սփյուռքի մեր հայրենակիցներին Արցախի մուտքի արտոնագիր տրամադրելու ժամկետների հետ կապված, բայց պետք է հաղթահարել այս ամենը՝ հանուն գերակա նպատակի, հանուն Արցախը չկորցնելու։
Վե՛ր կաց ու արի, այստեղ քեզ սպասում են ․․․», - նշել է Արցախի ՄԻՊ-ը։