00:00:00

Հրանտ Թոխատյանը հակադարձում է ավագանու անդամին

17:12, 27 հունիս 2021

Երևանի ավագանու նիստի ընթացքում հունիսի 22-ին «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը բարձրացրեց «Կանազ» մշակույթի կենտրոնի հարցը: Հիշեցնենք՝ «Կանազ» մշակույթի կենտրոնը 2017 թվականից Երևանի ավագանու որոշմամբ 10 տարի անհատույց օգտագործման ժամկետով տրվել է դերասան Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին: Զաքարյանը նշեց, որ «Կանազի» կենտրոնը Հրանտ Թոխատյանին տրվել էր հատուկ պայմաններով, տարեկան կոնկրետ ներդրումային ծրագրով: Առաջին 5 տարին ներդրումային ծրագիր պիտի լիներ և ամեն տարի հաշվետվություն ներկայացվեր որոշակի ներդրումային ծրագրի և արված աշխատանքի վերաբերյալ: «Ուզում էի հարցնել՝ որևէ փոփոխություն կա՞, որովհետև սրանից 1 կամ 1.5 տարի առաջ որևէ տեղաշարժ չկար: Եթե կա, ասեք՝ իմանանք, եթե չէ, ապա արդեն 4-րդ տարին է՝ ոչինչ չի արվում: Ի՞նչ ենք անելու, այդ կենտրոնն էլի թողնելու ենք այդպե՞ս՝ ոչինչ չանելո՞վ»,- հարցրեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը: Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գարեգին Խաչատրյանն էլ հայտնեց, որ համապատասխան գրություն է ուղարկվել տնտեսվարողին, որպեսզի հաշվետվություն ներկայացնի, թե ինչ է արվել, պայմանագրով նախատեսված պարտավորություններից ո՞րն է կատարվել, որը՝ ոչ: «Իհարկե, ներկայացվել են նաև օբյեկտիվ պատճառներ որոշ պարտավորություններ չկատարելու վերաբերյալ»,- ընդգծել է նա: Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք դերասան Հրանտ Թոխատյանին, ով հայտնեց, որ առաջիկայում ամենայն հավանականությամբ կհանդիպեն ավագանու անդամների հետ, որպեսզի կարողանան հարցը լուծել: Հարցին՝ ամեն դեպքում այս տարիների ընթացքում ներդրում արվե՞լ է, թե՞ ոչ, վերջինը պատասխանեց. «Այո, ներդրումներ եղել են»: Դիտարկմանը՝ պատրա՞ստ է ներկայացնել համապատասխան թղթեր կատարված աշխատանքի մասին, Հրանտ Թոխատյանը պատասխանեց. «Կախված կլինի նրանից, թե ինչ են ակնկալում բոլոր կողմերը, ըստ դրա՝ արդեն որոշումներ կկայացնենք: Եկեք սպասենք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր