ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ցուցաբերել Հարավային Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորման գործում, ինչպես նաև նպաստել Վրաստանի, Ադրբեջանի Հայաստանի միջև համագործակցությանը: Այս մասին ասվել է Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի ԱԳ նախարարների՝ Վրաստանում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ:
Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի, Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի և Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերիսի գլխավորած պատվիրակության այցը տարածաշրջան մեկնարկել է հունիսի 24-ին՝ ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հանձնարարությամբ:
«Ընդգծվել է Վրաստանի պատրաստակամությունն աջակցելու Հարավային Կովկասի երեք երկրի միջև երկխոսությանը՝ ապահովելու համար տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացումը»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:
Նախարարները հանդիպում են ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Հանդիպումների ժամանակ ընդգծվել է տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը: ԵՄ նախարարները Ղարիբաշվիլիին շնորհակալություն են հայտնել Բաքվի և Երևանի միջև բանակցություններին աջակցելու համար, որոնց արդյունքում Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 15 գերեվարված զինծառայողի:
Նախարարները վերահաստատել են ԵՄ հանձնառությունը՝ Հարավային Կովկասի երեք երկրի անվտանգությանը և բարգավաճմանը նպաստելու հարցում:
«Դեռևս անցյալ տարի հոկտեմբերին առաջարկել եմ խորքային քննարկումներ սկսել տարածաշրջանային հակամարտութունների վերաբերյալ, որոնք ազդեցություն են ունենում հարևան երկրների վրա: Առաջարկն ստացել է ԵՄ 10 այլ երկրների աջակցությունը»,- հիշեցրել է ռումինացի նախարարն՝ ընդգծելով, որ հակամարտությունը բացասական անվտանգային և տնտեսական ազդեցություն է ունեցել տարածաշրջանի վրա:
Վերջինս առաջարկել է օգտագործել ԵՄ գործիքակազմը՝ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար: Նա նշել է, որ Ադրբեջան և Հայաստան կատարած այցի շրջանակում ԵՄ ներկայացուցիչները կողմերին կոչ են արել «կառուցողական մոտեցում ցուցաբերել՝ քննարկելով ռազմական բախումներից հետո առաջ շարժվելու հեռանկարները»:
«Կոչ ենք արել վստահության մթնոլորտ կառուցել, ինչի հիմքում պետք է ընկած լինի բոլոր պահվող և կալանավորված անձանց ազատ արձակումն ու ականազերծման քարտեզների տրամադրումը», - հավելել է Աուրեսկուն: