ՀԱՊԿ-ը, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, ուղղված չէ որևէ մեկի դեմ, և Հիքմեթ Հաջիևի արտահայտությունները չեն կարող վերաբերել կազմակերպությանը: Այս մասին այսօր անցկացված ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Հաջիևը հարցազրույցում հայտարարել էր, որ «Հայաստանի համար լավագույն լուծումը կլիներ չեզոքությունը, այլ ոչ թե Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող ռազմական դաշինքները»: Զախարովան նշել է, որ չի տեսել Ադրբեջանի պաշտոնյաների ոչ մի հայտարարություն այն մասին, թե ՀԱՊԿ-ը սպառնում է այդ պետության անվտանգությանը:
«ՀԱՊԿ-ը ռազմական դաշինք չէ, այն կազմակերպություն է, որը միավորում է սեփական անվտանգության հարցերով մտահոգված երկրներին, և այդ կառույցի ո՛չ կանոնադրական փաստաթղթերում, ո՛չ գործունեության պատմության մեջ չկա որևէ բառ, որը կվկայի, թե այդ կառույցն ուղղված է եղել ինչ-որ մեկի դեմ»,-ասել է նա:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշեց՝ խոսքը համագործակցության կամ ռազմական դաշինքների մասին է, որոնց մեջ Արևմուտքը ցանկանում է ներքաշել և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին:
Զախարովան ընդգծեց, որ քողարկվելով բարի մտադրություններով, ԵՄ ներկայացուցիչները զբաղվում են Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ:
Ավելի վաղ Մոսկվան և Թեհրանը դժգոհություն էին հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունից: Եվրամիության խնդիրն է փորձել ամրապնդվել տարածաշրջանում՝ ի վնաս հարավկովկասյան պետությունների ավանդական գործընկերների և հարևանների շահերի, հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։