Մենք բարեհաջող ավարտեցինք խորհրդարնական ընտրությունները, միջազգային, տեղական դիտորդների արձանագրումը միանշանակ է, որ ընտրություններն անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան, նոր ստանդարտ ենք սահմանել, կառավարության նիստին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«2018 թվականին, երբ ընտրություններ տեղի ունեցան, միջազգային հանրությունն աննախադեպ բարձր գնահատականի արժանացրեց ընտրությունները: Այդ ժամանակ կար մի կոնտեքստ, որ ընտրությունների արդյունքները նախապես ակնհայտ էին բոլորի համար և գործող կառավարությունն, այսպես ասած, կեղծելու անհրաժեշտություն չուներ։ Այս ընտրությունների արդյունքները կանխատեսելի չէին և բոլորը գիտեին, որ երրորդ հանրապետության պատմության թերևս ամենաանկանխատեսելի ընտրություններն էինք անցկացնում և շատ կարևոր է, որ մենք արձանագրեցինք մեր քաղաքական կամքը, արժեհամակարգը», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընտրողների ազատ կամքի արտահայտման անառարկելիությունն իրենց համար անկյունաքարային արժեք է:
«Իհարկե, ընտրակաշառքների մասով հարուցված են քրեական գործեր, համոզմված եմ, որ դրանք պատշաճ քննություն և ընթացք կստանան», - ասաց նա:
«Բայց ուզում եմ հավատալ, որ Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման էջն իսկապես անշրջելիորեն փակված է», - ասաց Փաշինյանը: