ԱԺ իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի հերքում մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Ալեն Սիմոնյանը կլինի նոր խորհրդարանի նախագահ, Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԳ նախարար, որոշ պաշտոններ կստանան նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած, այսպես կոչված, մարդ-կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնց հետ վերջին օրերեին հանդիպումներ է ունենում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Շատ հավանական է, որ Ալեն Սիմոնյանը լինի Աժ նախագահի թեկնածու, անհավանական բան չկա, բայց դա քաղաքական ղեկավարությունն է որոշելու, առաջարկելու թեկնածուներին, մենք՝ խմբակցությունով քննարկենք ու որոշում կայացնենք, շոշափվում են այնպիսի մարդկանց անուններ, որոնց այդ պաշտոնում առաջարկելն ու ընտրվելը ոչ մեկի մոտ զարմանք չի առաջացնի»,- ասաց Հովիկ Աղազարյանը:
Անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի՝ ԱԳ նախարար նշանակվելու հավանականությանը՝ մեր զրուցակիցը շարունակեց. «Ես, իհարկե, չեմ ընդդիմանա, եթե առաջարկեն նրա թեկնածությունը, համենայնդպես, գիտեմ՝ Ռուբեն Ռուբինյանը դիրքից երբեք չի փախնի, ինչպես նախորդ նախարարըփախավ դիրքերից՝ ունենալով դիվանագիտական հսկայական փորձ. ժամանակին, երբ նա երիտասարդ էր, Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից, իսկ ինքը որեւէ ընդվզում չի ցուցաբերել, կարծիք չի հայտնել այդ ճակատագրական գործընթացների հետ կապված ու հիմա այսպիսի քայլ արեց, վստահ եմ, որ Ռուբեն Ռուբինյանի պարագայում նման բան չի լինի, առավել եւս ինքը 7 ամիս էլ ԱԳ փոխնախարար է աշխատել, Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է եղել, հետեւաբար, կարծում եմ, որ ինքը վատ թեկնածու չէ: Անտրամաբանական չէ, որ նման խոսակցություն ներ են լինում, շրջանառվում են նրանց անունները, բայց քաղաքական ղեկավարությունը որոշում կկայացնի, այդ ժամանակ ավելի առարկայական կլինի»:
Ինչ վերաբերում է մարդ-կուսակցությունների ներկայացուցիչների հնարավոր պաշտոններ ստանալուն, Հովիկ Աղազարյանը նկատեց.
«Շատերն ասում էին՝ ինչ իմաստ ունի այդքան կուսակցության մասնակցությունը ընտրություններին, մենք պետք է ձերբազատվենք այն մտքից, որ ժամանակին ասում էինք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը չլինի, ով լինի, հետո ասում էինք՝ Ռոբերտ Քոչարյանը չլինի, ով լինի , հետո ասում էինք ՝ Սերժ Սարգսյանը չլինի, ով լինի, հիմա էլ որոշներն ասում են՝ Նիկոլ Փաշինյանը չլինի, ով լինի: Ես այն համոզմանն են, որ հայ ժողովուրդն ունի լիքը արժանավոր զավակներ, դրանցից շատերին տեսա այս բանավեճերի ու քարոզարշավի ընթացքում:
Վարչապետի այդ քաղաքականությունը հանդիպել նրանց հետ, իրենց պոտենցիալը իրենց պատարստակամության դեպքում որեւէ բնագավառում օգտագործելու նպատակով, շատ ճիշտ քայլ է: Ես չգիտեմ՝ ով կստանա պաշտոն, ով չէ, կարող է մարդ լինի իր ընդդիմադիր կեցվածքը լինի արմատական ու չհամաձայնի, կարող է լինեն մարդիկ, որ համաձայնեն, բայց գործընթացը գնահատում եմ շատ տեղին: Իշխանությունն իր քայլը կանի պաշտոն կառաջարկի, կընդունեն, թե չեն ընդունի, դա արդեն իրենք կորոշեն»:
Irakanum.am