Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ երեկ երեկոյան և այսօր կեսօրին այցելել է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հացադուլ հայտարարած քաղաքացիներ Դավիթ Ավանեսյանին և Մերի Դավթյանին։ «Երեկ երեկոյան և այսօր կեսօրին այցելել եմ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հացադուլ հայտարարած քաղաքացիներ Դավիթ Ավանեսյանին և Մերի Դավթյանին։
Հետաքրքրվել եմ նրանց առողջական վիճակով և տեղեկացել, որ առավոտյան նրանց են այցելել բժիշկները: Մ.Դավթյանն ու Դ.Ավանեսյանը հավաստիացրել են, որ առողջական խնդիրներ չունեն և ինքնազգացողության վատթարացման նշաններ չկան:
Քննարկվել են արևահարումից խուսափելու համար հացադուլի անցկացման վայրը փոխելու նպատակահարմարության հարցը, ինչպես նաև ներկայացված պահանջների շուրջ իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունները։
Ձեռք է բերվել պարբերաբար հանդիպելու և անհրաժեշտության դեպքում նրանց կողմից ներկայացվող խնդիրները իշխանության մարմիններին մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ փոխանցելու պայմանավորվածություն», - գրել է նա:
|